News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը նախատեսում է ավելացնել Լիբանանում տեղակայված իր զորախմբի թվաքանակը: Այս մասին, մայիսի 26-ին, Լիբանանում այդ երկրի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար  Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանց հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձեւաչափով, ինչին հաջորդեցին բանակցությունները՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին` Լիբանանի արտգործնախարարն ասաց, որ երկու պետությունների միջեւ ձեւավորվել են օրինակելի հարաբերություններ, ինչը պայմանավորված է բարեկամական համագործակցության ամրապնդման երկուստեք ցանկությամբ:

Նախարարները շարունակեցին մեկ ամիս առաջ Երեւանում մեկնարկած երկխոսությունը, երբ Ջեբրան Բասիլը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ջեբրան Բասիլն անդրադարձան երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության հարցերին, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվություններին, փոխգործակցությանը բազմակողմ ձեւաչափերում, կարեւորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Երկուստեք ընդգծվեց, որ առկա է մեծ ներուժ՝ առեւտրատնտեսական համագործակցության խորացման համար, եւ այս առումով զգալի աշխատանք կա իրականացնելու։

Անդրադառնալով լիբանանահայ համայնքին` նախարարները նշեցին, որ հայ համայնքը, մեծ դրական դերակատարություն ունենալով երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում, հուսալի ու ամուր կամուրջ է հանդիսանում երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ: Հայաստանի եւ Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին արտերկրում հայկական եւ լիբանանյան համայնքային կառույցների միջեւ համագործակցության հնարավորությունները։

Հանդիպմանն անդրադարձ արվեց Լիբանանի հարավում խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախմբի մասնակցությանը: Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը հայտնեց, որ Հայաստանը նախատեսում է ավելացնել Լիբանանում տեղակայված իր զորախմբի թվաքանակը:

Բանակցություններին քննարկվեցին Մերձավոր Արեւելքում ընթացող զարգացումները, կարեւորվեց միջազգային հանրության համախմբումը ահաբեկչության դեմ պայքարում։

Էդվարդ Նալբանդյանն ու Ջեբրան Բասիլը, անդրադառնալով այս տարվա մարտին Հայաստանի, Լիբանանի, Ռուսաստանի եւ Վատիկանի նախաձեռնած՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Մերձավոր Արեւելքում փոքրամասնությունների պաշտպանությանը նվիրված բարձր մակարդակի քննարկմանը, շեշտեցին այդ ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Բանակցությունների օրակարգում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության սերտացման, այս տարվա աշնանը Երեւանում կայանալիք Նախարարական համաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Նախարար Նալբանդյանն իր լիբանանցի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։

Էդվարդ Նալբանդյանը եւ Ջեբրան Բասիլը քննարկումները շարունակեցին ՀՀ արտգործնախարարի պատվին տրված պաշտոնական ճաշի ընթացքում:

Մայիսի 26-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելեց Լիբանանում ՀՀ դեսպանություն, ուր հանդիպեց Լիբանանի հայ համայնքային կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ, պատասխանեց լիբանանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի:

Ավարտելով այցելությունը Լիբանան` ՀՀ արտգործնախարարը մեկնեց Դամասկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ