Ռիգայի գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը եւս մեկ անգամ ապացուցեց, որ կողմերը հակված են ընդունելու այն մոտեցումը, որ միշտ Հայաստանը դավանել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ունի արդեն ձեւավորված հարաբերություններ ԵՏՄ-ի հետ, սակայն ցանկանում է խորացնել համագործակցությունը ԵՄ երկրների հետ։
«Լուրջ հնարավորություններ ունենք ԵՄ-ի հետ համագործակցությունը մեծացնելու։ ԵՏՄ անդամ երկրների համար նույնպես մեր մոտեցումն ընկալելի է»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ կուսակցության ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը ներկայացրել է հենց Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները։