News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Գերմանիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ վերջինիս համեմատելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Էրդողանը Պուտինի ոճով աստիճանաբար վերածվում է ավտորիտար տիրակալի»,- հայտարարել է Օզդեմիրը Deutsche Presse Agentur  գործակալությանը:

«Էրդողանը ավերիչ քայլերով հարձակվում է ժողովրդավարական ինստիտուտների վրա։ Էրդողանի Թուրքիան ավելի ու ավելի հաճախ է հիշեցնում պուտինյան Ռուսաստանը»,- հայտարարել է Օզդեմիրը՝ քննադատելով հունիսի 7-ի ընտրություններից առաջ Էրդողանի կողմից ընդդիմության վրա գործադրվող ճնշումը։

Օզդեմիրի խոսքով՝ Թուրքիայում ընտրություններին մասնակցող այլ  ուժերի համար հավասար պայմաններ ուղղակի գոյություն չունեն։

«Էրդողանի վարքը թույլ է տալիս ենթադրել, թե ինչ տեղի կունենա, եթե նրա ղեկավարած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը բավարար մանդատ ունենա սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու համար։ Այդ դեպքում կուսակցությունը առաջ կքաշի Էրդողանի ղեկավարությամբ կառավարման նախագահական համակարգ ստեղծելու գաղափարը։ Էրդողանի պատկերացրած նախագահական ժողովրդավարությունը, որը նա օրինակ է բերում Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեպքում, Թուրքիայի հետ ընդհանուր ոչինչ չունի»,- հայտարարել է Օզդեմիրը։

Կանաչների առաջնորդը գերմանաբնակ թուրքերին կոչ է արել իրենց ձայնը տալ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը։ Եթե այդ կուսակցությունը հաղթահարի անցողիկ 10 տոկոսի շեմը, ապա սահմանադրական բարեփոխումների կողմնակից կուսակցության համար խորհրդարանական մեծամասնություն կազմելը դժվար թե իրատեսական լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ