News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգի եւ Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիեւի հետ:

Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր: Վարչապետ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին հայ-վիետնամական կապերն ամրապնդվել են եւ լավ հիմք են ստեղծել փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում նոր գործոն է հանդիսանում համագործակցությունը Վիետնամի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկու երկրների միջեւ գոյություն ունի տնտեսական մեծ ներուժ, եւ պետք է գործուն քայլեր ձեռնարկել այն իրացնելու համար: Այս համատեքստում Հայաստանի վարչապետն առաջարկել է ստեղծել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողով, ինչն առեւտրատնտեսական համագործակցության համար լավ խթան կհանդիսանա: Կարեւորվել է նաեւ համատեղ գործարար համաժողովի կազմակերպումը, ինչը նույնպես կնպաստի տնտեսական կապերի հետագա զարգացմանը:

Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգը, ողջունելով գործընկերոջը, ընդգծել է, որ Վիետնամը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ակտիվացնել եւ զարգացնել առեւտրատնտեսական հարաբերությունները: Նա գոհունակությամբ է ընդունել վարչապետ Աբրահամյանի՝ միջկառավարական հանձնաժողով ստեղծելու եւ գործարար համաժողով կազմակերպելու առաջարկները:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ միջազգային ասպարեզում համագործակցության խորացումը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիեւի հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղրղզական տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները եւ կարեւորվել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել տնտեսական կապերի աշխուժացման եւ առեւտրաշրջանառության ծավալի ավելացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:

Հայաստանի եւ Ղրղզստանի վարչապետներն անդրադարձել են նաեւ ԱՊՀ եւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ