News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիլիկիայի Սիս քաղաքում իր կենտրոնակայանը վերադարձնելու պահանջով Թուրքիայի սահմանադրական դատարան ներկայացրած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայցը մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում: Այս մասին հաղորդում է Թուրքիայում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսը:

Ջոնսը հիշեցնում է, որ վեհարանը բռնագրավվել էր Թուրքիայի կողմից մոտ մեկ դար առաջ՝ հայերի զանգվածային սպանությունների ժամանակ:

Ըստ եկեղեցու խոսնակ Թենի Փիրի-Սիմոնյանի, հայցը շուտ չի քննվի:

«Այն մեր հավատքի ու ինքնության կենտրոնն է, ուստի եկեղեցին, հետ ստանալով իր վեհարանը, այդ բոլոր խորհրդանիշների մեջ կյանք է դնում: Կիլիկիո կաթողիկոսությունը ավելի քան հազար եկեղեցիներ, վանքեր ու այլ աղոթարաններ է թողել Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում, որոնցում մեր ժողովուրդը ապրում էր նախքան Ցեղասպանությունը», - ասել է Թենի Փիրի-Սիմոնյանը:

Ըստ որոշ թուրք վերլուծաբանների, պաշտոնական Երեւանը ու հայկական Սփյուռքը հայցը դիտում են իբրեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակով Անկարայի վրա գործադրվող ճնշում: Ըստ Ստամբուլի Սուլեյման Սահ համալսարանի քաղաքագետ Ջենգիզ Աքթարի՝ հայկական Սփյուռքը մեծ դեր է խաղում այդ հարցում:

«Գոյություն ունի երկու մեծ խումբ՝ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, որոնք հանդես են գալիս հայերի սեփականությունը բռնագրավելու կամ ուժի միջոցով ապօրինի վերցնելու մասին փաստաթղթերով», - նշել է Ջենգիզ Աքթարը:

«Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը նշում է, որ հափշտակված ունեցվածքի արժեքը տասնյակ միլիարդավոր դոլարներով է գնահատվում, սակայն Հայոց Պատրիարքարանը Ստամբուլում լռելյայն հետեւում է հայցի ընթացքին:

«Ագոսի» թղթակից Ֆաթիհ Գյոկհան Դիլերի համաձայն, լռությունը, ըստ երեւույթին, Կիլիկիո կաթողիկոսության հետ մրցակցության ու Թուրքիայի նկատմամբ վախի արդյունք է:

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ընտրությունների նախաշեմին խուսափել է մեկնաբանել հայցը: Թուրքիայի Սահմանադրական դատարանը դեռեւս չի որոշել վարույթ վերցնել այն:

Ըստ Հայոց Առաքելական եկեղեցու հայրապետի, եթե հայցը վիժեցվի, ապա իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սակայն հունվարին Ստրասբուրգի դատարանը հօգուտ Թուրքիայի էր լուծել Ստամբուլում գտնվող շենքերից մեկը վերադարձնելու տեղի հայկական հիմնադրամի հայցը:

Եվրոպական դատարանի ազգությամբ թուրք դատավոր Ռիզա Թուրմենը նախազգուշացրել է, որ դեռ շատ վաղ է ենթադրել, թե հայկական եկեղեցին հաջողելու է իր հայցում:

«Երբ դատարանում քննության են առնվում վաղուց անցած գործերը, իրավական շատ խոչընդոտներ են առաջ գալիս», - ասել է նա:

Հայկական սփյուռքի ու եկեղեցու հնարավոր հարյուրավոր հայցերի պարագայում Անկարան, ըստ պատմաբանների, առերեսվելու է դատական քննությունների ալիքի հետ, ընդ որում եւ՛ երկրի ներսում, եւ՛ երկրից դուրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ