News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների թիվ մեկ ձեռքբերումը քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցության արձանագրած արդյունքներն են՝ 6 մլն ձայն, որը փոխել է երկրի ողջ քաղաքական ճարտարապետությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

Նրա խոսքով, զգալիորեն փոխվել է ուժերի հարաբերակցությունը Թուրքիայի քաղաքական դաշտում: Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ըստ թուրքագետի, մի քանի գործոնների համադրման արդյունք է:

«Առաջին հերթին, անհրաժեշտ է արձանագրել այն հանգամանքը, որ փոխվել են «խաղի կանոնները»: Էրդողանը, որը երկրի «առաջին ջութակն է», թիվ մեկ քաղաքական գործիչը, չէր կարող մասնակցել ընտրություններին այն կշռով ու չափերով, որով սովորաբար մասնակցել է բոլոր նախկին ընտրություններին: Թուրքիայի սահմանադրությունն արգելել է նրան լիարժեքորեն քննադատել ընդդիմադիր կուսակցություններին, եւ դա չէր կարող չազդել ընտրությունների վրա»,-ընդգծել է Տեր-Մաթեւոսյանն ու հավելել. «Երկրորդ՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վրա մեծ պատասխանատվություն է դրվել, բայց նա այդպես էլ չկարողացավ ձեռք բերել այն խարիզման, որն ուներ Էրդողանը: Չնայած ծախսված ֆինանսական ու վարչական ռեսուրսներին, սպասված արդյունքը չեղավ: Ավելին, նախորդ ընտրությունների համեմատ մոտ 3,5 մլն ընտրող չի քվեարկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին»:

Հաջորդ հանգամանքը, ըստ թուրքագետի, այն է, որ պատմությունը սիրում է կրկնվել, եւ այն, ինչ տեղի ունեցած 1989 թվականին, երբ Թուրգութ Օզալը նախընտրեց դառնալ նախագահ եւ թողեց իր քաղաքական ուժը թուլացած վիճակում, նույնը տեղի ունեցավ նախորդ տարի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ:

«Էրդողանը դարձավ նախագահ եւ կարծում էր, որ կուսակցությունը հանձնել է հուսալի մարդու՝ Ահմեդ Դավութօղլուին, բայց վերջինս չուներ այն հեղինակությունը, որը կարող էր համախմբել գոյություն ունեցող հսկա ներուժը:

Եվս մեկ գործոն է «Նոր Թուրքիա» կառուցելու Էրդողանի տեսլականը, որը պառակտել է թուրքական հասարակությունը: Ըստ էության, այս ընտրությունները, կոչ էին Էրդողանին կանգ առնել ու մտածել այն ապագայի մասին, որը նա ուզում է ստեղծել»,-նշել է Տեր-Մաթեւոսյանը:

Թուրք հասարակության մեծ մասը, նրա խոսքով, դեմ էր արտահայտվում նախագահական կառավարմանը, որն Էրդողանը ցանկանում էր ներդնել երկրում, եւ ոչ պակաս անհանգստացնող գործոն է այն, որ Էրդողանը գնալով ավելի ու ավելի ավտորիտար կառավարման է անցնում:

Նշենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է ընդամենը 40,8 տոկոս, ընդդիմադիր Ժողովորդա-հանրապետական (CHP) կուսակցությունը՝  25 տոկոս, Ազգայնական շարժումը (MHP)՝ 16,3 տոկոս եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP)՝ 13,07 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ