News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կառավարության որոշումը՝ արգելափակել հացահատիկի արտահանումը, եւ դրան հետեւած աժիոտաժը բացասաբար է անդրադարձել ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանային մեր մյուս հարեւանների վրա, որոնք նույնպես հացահատիկ ներկրողներ են (բացի Իրանից)։

Այսպես՝ ռուսական հացահատիկի խոշոր ներկրող է Թուրքիան, թեեւ այդ երկիրը հացահատիկի արտադրությամբ զբաղեցնում է աշխարհում 6-րդ տեղը։ Թուրքիայում հացահատիկի ցանքերը կազմում են մոտ 9 մլն հա, որն ավելի շատ է, քան Ավստրալիայում կամ Կանադայում։ Սակայն մեր հարեւանները միաժամանակ ռեկորդակիրներ են հացի օգտագործման առումով՝ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի տարեկան օգտագործում է 230 կգ հաց, այնինչ եվրոպական երկրներում այդ ցուցանիշը 50 կգ է։ Հատկանշական է, որ այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիան ցորենը Ռուսաստանից ներմուծել է տոննան 210 դոլարով, իսկ Հայաստանը՝ 250 դոլարով։ Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Մեխդին Էկերը հայտարարել է, որ երկրի պաշարները ներկա պահին կազմում են 2,2 մլն տոննա, որը կբացառի առաջարկի դեֆիցիտը։

Վրաստանը եւս հացահատիկի մեծ դեֆիցիտ ունի, որը ծածկվում է ներկրման հաշվին։ Սակայն նկատենք, որ Վրաստանում իրավիճակն այս առումով ավելի վատ է, քան Հայաստանում։ Այդ երկիրը տարեկան օգտագործում է 800 հազ. տոննա հացահատիկ, որի 85 տոկոսը ներմուծում է։ Հայաստանի ինքնաբավության աստիճանը շատ ավելի բարձր է՝ մոտ 35 տոկոս։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզված են, Ռուսաստանը մինչ հացահատիկային էմբարգոյի հայտարարումը հանդիսանում էր Վրաստանին հացահատիկի հիմնական մատակարարը։ Մյուս մատակարարներն են Ղազախստանը եւ Ուկրաինան։ Ինչպես եւ Հայաստանում, Վրաստանում եւս ազգային ծրագիր են կազմել ցորենի արտադրությունը ընդլայնելու համար, այն հաշվով, որ հացահատիկային ինքնաբավությունը հասցվի մոտ 50 տոկոսի։ Հատկանշական է, որ Վրաստանում հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունները (մոտ 132 հազ. հա) ավելի են քան Հայաստանում, սակայն բերքատվությունը եւ, բնականաբար, բերքը ավելի ցածր են։ 2008-09 թ.թ. Վրաստանում հացահատիկի բերքը կազմել է 180-190 հազ. տոննա, այնինչ Հայաստանում այն գերազանցել է 200 հազ. տոննան։ Սակայն նշենք, որ Թբիլիսիի հացաթխման գործարանները երեկվա դրությամբ դեռ հացի թանկացում չէին կատարել, ինչպես Երեւանում, չնայած դա անխուսափելի կլինի։ Վրացական ԶԼՄ-երի տեղեկացմամբ, երեկ Փոթի նավահանգստում չմաքսազերծված հացահատիկը վաճառվում էր 260 դոլարով։

Բոլորովին այլ պատկեր է Ադրբեջանում։ Այդ երկիրն այս տարի գործնականում հրաժարվեց հացահատիկի արտադրությունից՝ նախորդ տարվա համեմատ ցանքերը կրճատելով համարյա 20 անգամ։ Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում Ադրբեջանը ներմուծել է մոտ 425 հազ. տոննա հացահատիկ՝ 1 տոննայի համար վճարելով 205 դոլար։ Ակնհայտ է, որ ցորենի համաշխարհային ճգնաժամից ամենաշատը տուժելու են այդ երկրում, քանի որ ստիպված են դեռ մոտ 600 հազ. տոննա էլ ներմուծել։

Հացահատիկային կուլտուրաների խոշոր արտադրող է հանդիսանում Իրանը։ Այս երկիրը նույնիսկ աննախադեպ քայլի գնաց՝ ներմուծվող հացահատիկի վրա սահմանվեցին 46 տոկոս տուրքեր՝ տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով։ Անցյալ տարի Իրանը հասավ հացահատիկի 100 տոկոս ինքնաբավության, իսկ այս տարի սկսել է հացահատիկ արտահանել դեպի հարեւան արաբական երկրներ։ Իրանում այս տարի սպասվում է հացահատիկի բարձր բերք՝ մոտ 15 մլն տոննա, որից 2 մլն տոննան ամենայն հավանականությամբ կարտահանվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 5-ին, կազմել է...
Փորձագետները վավերացրել են Հայաստանի 2025-2030 թթ. արտահանման ռազմավարությունը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը էկոնոմիկայի նախարարության...
Մայիսի 1-ից  31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մայիսի 1-ից 31-ն ընկած…
ԿԳՄՍ նախարարությանը 2023թ. պետբյուջեից հատկացվել է մոտ 233 մլրդ դրամ. փոխնախարար
232 մլրդ 998 մլն դրամ՝ ԿԳՄՍ նախարարությանը...
ԱԺ-ում շարունակվում է 2023 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը (ուղիղ)
Հանդիպումը տեղի է ունենում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ...
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2 օրով մեկնում է արձակուրդ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ