ՆԱՏՕ-ն կարող է շարունակել ընդլայնվել՝ իր կազմում ընդգրկելով Չեռնոգորիան, գրում է «Կոմերսանտը»:
Երկու հարցումների համաձայն, Չեռնոգորիայում ՆԱՏՕ-ին անդամակցության կողմնակիցների թիվը նախորդ շաբաթ առաջին անգամ գերազանցել է նման հեռանկարի հակառակորդների թիվը:
Strategic Marketing եւ Damar գործակալությունների անցկացրած հարցումների համաձայն ՆԱՏՕ-ին անդամակցելուն մի դեպքում կողմ է արտահայտվել 47 տոկոսը (դեմ է եղել 43 տոկոսը), մյուս դեպքում՝ 44 տոկոսը (դեմ է եղել 40 տոկոսը):
Բրատիսլավայում անվտանգության հարցերին նվիրված GLOBSEC համաշխարհային ֆորումում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է. «Կան ծանրակշիռ պատճառներ, որպեսզի Չեռնոգորիան դառնա Դաշինքի անդամ»: ՆԱՏՕ-ում Սլովակիայի ներկայացուցիչ Տոմաշ Վալաշեկը ավելի հստակ է արտահայտվել. «Չեռնոգորիան անպայման հրավեր կստանա»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարծիք է հայտնել, որ Չեռնոգորիայի հետ կապված որոշումը կընդունվի 2015-ի դեկտեմբերին: