News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 97-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, եւ բարձր գնահատել նրանց դժվարին ու պատասխանատու աշխատանքը: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է նշել, որ մեր երկրի դատախազական համակարգն իր բազմամյա փորձով, մասնագիտական բարձր որակներ ունեցող աշխատակիցներով եւ շարունակական բարեփոխումների միջոցով այսօր եւս շարունակում է հաջողությամբ լուծել իր առջեւ դրված խնդիրները:«Դատախազությունը տարիներ ի վեր համալրվում է նոր մտածողությամբ, գիտելիքներով հարուստ եւ բանիմաց աշխատակիցներով, ովքեր, ձեռք բերելով նաեւ իրենց ավագ գործընկերների հարուստ փորձը, կարողանում են լավագույնս կյանքի կոչել Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները եւ նպաստել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը: Դուք հաջողությամբ եք շարունակում ՀՀ դատախազության հիմնադիրներից Պետիկ Թորոսյանի եւ համակարգի կայացման գործում իրենց ավանդը ներդրած մյուս նվիրալների սկսած գործը, ուստի ուրախ եմ, որ ի դեմս ձեզ՝ դատախազությունն ունի նրանց արժանի հետեւորդներ»,- նշել է վարչապետը:

Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ համակարգը կանգ չի առնում եւ չի սահմանափակվում ձեռքբերումներով ու հաջողություններով: Դատախազությունը նպատակային քայլերով ընթանում է բարեփոխումների եւ արդիականացման ճանապարհով, ինչի արդյունքները, վարչապետի համոզմամբ, տեսանելի կլինեն մոտ ապագայում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունն իր հերթին շարունակելու է անհրաժեշտ պայմաններ եւ հնարավորություններ ստեղծել դատախազության աշխատակիցների համար՝ նպաստելու հանցավորությանը դիմակայելու, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ մեր առջեւ ծառացած այլ խնդիրների լուծման ուղղությամբ նրանց կողմից տարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Վարչապետը վստահեցրել է, որ գործադիրի ուշադրության կենտրոնում են գտնվում նաեւ դատախազության աշխատակիցների սոցիալական խնդիրները, եւ կառավարությունը ջանքեր չի խնայելու, որպեսզի նրանց համար ստեղծի բարենպաստ պայմաններ` մասնագիտական պարտականությունները բարձր մակարդակով կյանքի կոչելու համար:

«Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ կրկին փաստել, որ նաեւ ձեր գործունեությունից է կախված հանրապետությունում օրինականության պահպանումը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությունը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը: Ուստի, եւս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություններ հետագա գործունեության մեջ, աշխատանքային անսպառ եռանդ եւ ընտանեկան ջերմություն»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանի Հանրապետության օրինականության ամրապնդման եւ պետականության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար եւ ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ վարչապետ Աբրահամյանը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին պարգեւատրել է անվանական զենքով:

Ծառայողական պարտականությունները պատշաճ մակարդակով կատարելու համար եւ ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել Երեւան քաղաքի դատախազ, Արդարատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանին, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետ, Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Մուրադյանին եւ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ, երրորդ դասի խորհրդական Դավիթ Մելքոնյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ