News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեհրանը ձգտում է միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնել «վեցյակի» հետ (ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ եւ Գերմանիա), բայց պատրաստ չէ դրա համար ցանկացած գին վճարել: Այս մասին Press TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արակչին:

«Վիեննայի բանակցություններում բոլոր պատվիրակությունները, այդ թվում՝ իրանականը, ապագա համաձայնագրի տեքստի ուղղությամբ աշխատում են շատ լուրջ եւ դրական մթնոլորտում: Առաջընթացի ոգի կա: Միաժամանակ, դա չի նշանակում, որ բոլոր պատվիրակությունները, այդ թվում՝ մերը, պատրաստ են ցանկացած գնով համաձայնության հասնել»,- ասել է Արակչին:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նա նաեւ հավելել է, որ Իրանի համար լավ գործարք կլինի այն, որը կհարգի երկրի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի նշած սկզբունքներն ու շրջանակները:

Նշելով, որ բանակցությունները եւս 7 օրով երկարաձգվել են, Արակչին հույս է հայտնել, որ այդ ընթացքում համաձայնություն ձեռք կբերվի:

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին տեղեկացրել է, որ բանակցություններում առաջընթաց կա, չնայած վերջնական համաձայնության հասնելու ճանապարհին դեռեւս բարդ հարցեր կան:

«Մենք շատ լարված ենք աշխատում: Շատ բարդ հարցեր կան, բայց մենք հավատում ենք, որ առաջընթաց կա: Այդ պատճառով էլ շարունակում ենք աշխատել»,- հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ