Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ սեպտեմբերի 15-ը երկարաձգել է «Բաշնեֆտի» գործով ֆիգուրանտ գործարար Լեւոն Հայրապետյանի կալանքի ժամկետը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դատարանն իր վճռով մերժել է Հայրապետյանի փաստաբանի միջնորդագիրը՝ գրավի դիմաց կամ ստորագրությամբ չհեռանալու փոխարեն ազատ արձակել Հայրապետյանին, որը իր խնդրանքը հիմնավորում է վատ ինքնազգացողությամբ եւ բժիկշկների մշտական հսկողության տակ լինելու անհրաժեշտությամբ:
«Մեղադրյալը կարող է անհետանալ: Բացի այդ, նա զգալի գումարներ ունի, որով կարող է մամուլում քարոզարշավ սկսել եւ վարկաբեկել հետաքննության գործունեությունը»,- ասել է դատախազը:
Նշենք, որ քննությունը գործարար Հայրապետյանին մեղադրում է 2009 թ. ապրիլին Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմա»-ին վաճառելու գործարքին մասնակցություն ունենալու մեջ, որը վերջինս գլխավորել էր երեք տարի: Դատական գործընթացի արդյունքում «Բաշնեֆտ»-ը վերադարձվել է պետությանը։
Ըստ քննության` Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն եւ անշարժ գույք արտասահմանում, մասնավորապես վերջին ժամանակներս նա ապրում էր Մոնակոյում։ Հենց այս հանգամանքով է քննությունը հիմնավորել նրանբ մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը։ Հոկտեմբերի սկզբին գործարարին տնային կալանքի տակ էին վերցրել։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։