News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուլիսի 3-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ: Հանդիպմանը հայկական կողմից ներկա էին  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, ֆրանսիական կողմից՝ ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռենե Ռուքեն, երկու երկրների դեսպանները:

Շնորհակալություն հայտնելով  ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը շեշտել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Նրա խոսքով` Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաեւ  երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյա կապերը եւ Ֆրանսիայում հայկական համայնքի առկայությունը, որը մշտապես ջերմ եւ հոգատար վերաբերմունքի է արժանացել թե՛ ֆրանսիացի ժողովրդի, եւ թե՛ Ֆրանսիայի իշխանությունների կողմից: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջեւ հաստատված միջխորհրդարանական սերտ համագործակցությունը, ինչը կարեւոր դերակատարություն ունի միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով՝ այս հարցում նշանակալի ավանդ ունեն Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը:  Նա կարեւոր է համարել  այն փաստը, որ ֆրանսիական խորհրդարանական պատվիրակություն¬ների այցելությունները Հայաստան հաճախ զուգորդվում են նաեւ Լեռնային Ղարաբաղ այցերով: «Ֆրանսիացի օրենսդիրների հաճախակի դարձած այցերն Արցախ կարեւոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք եւ համակողմանի պատկերացում կազմելու գործում», - նշել է վարչապետը։  Նա գոհունակություն է հայտնել 2013թ. Ֆրանսիայի ԱԺ եւ Սենատի մի խումբ պատգամավորների, նախկին խորհրդարանա¬կանների, մի շարք համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Արցախի հետ բարեկամության շրջանակի» ստեղծման կապակցությամբ:

«Գտնվելով Ֆրանսիայի Ազգային ժողովում՝ չեմ կարող  խորին երախտագիտություն չհայտնել 2001թ. Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու  Ֆրանսիայի մարդասիրական բարձր առաքելության համար: Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի ցեղասպանության ժխտումը դատապարտող  նոր օրինագծի ներկայացման եւ  ընդունման հարցում:

Ողջունելով Հայաստանի պատվիրակությանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը նշել է, որ մեծ պատիվ է ընդունել Հայաստանի վարչապետին  այս խորհրդանշական տարում, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները, կարեւորել միջխորհրդարանական կապերի սերտացումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը: Կլոդ Բարտոլոնը գոհունակությամբ փաստել է  Ֆրանկոֆոնիայի միջազգային կամակերպության շրջանակներում  տարբեր ձեւաչափերով արդյունավետ համագործակցությունը: «Հայաստանը Ֆրանսիայի բարեկամն է: Մենք պատրաստակամ ենք խորացնել  մեր բարեկամությունն ու ընդլայնել  համագործակցությունը», - ընդգծել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը եւ այս համատեքստում վարչապետը արժեւորել է  Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակ¬ցության զարգացման գործում:  Նրա խոսքով՝ ՀՀ Նախագահի մակարդակով մասնակցությունն Արեւելյան գործընկե¬րության Ռիգայի գագաթնաժողովին վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` խորացնելու համագործակցությունը Եվրամիության հետ տարբեր ուղղություններով:

 Կողմերը կարեւորել են նաեւ միջազգային կառույցներում սերտ համագործակցությունը եւ փոխադարձ աջակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք ընդգծվել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ