News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր:

Կոտայքի մարզում Հանրապետության նախագահը ներկա է գտնվել Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը, տեղական եւ տարածքային կառավարման մարմինների ղեկավարները, համայնքի բնակիչներն ու մարզադպրոցի սաները: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց մարզական կրթօջախում՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին եւ մարզումների համար ստեղծված պայմաններին:

Երկհարկանի մարզադպրոցն ունի մեծ եւ փոքր դահլիճներ՝ նախատեսված վոլեյբոլի, բասկետբոլի, մինի ֆուտբոլի, ըմբշամարտի, բոքսի եւ ձյուդոյի համար, շենքի մի հատվածում վարչական անձնակազմի համար կառուցվել են աշխատասենյակներ: Նախագահին ներկայացրել են նաեւ մարզադպրոցի հարակից տարածքում կառուցված խաղահրապարակը՝ մեծ թենիսի, բասկետբոլի եւ վոլեյբոլի համար: Մարզադպրոցի շենքը հագեցած է ջեռուցման, օդափոխության եւ հակահրդեհային արդի համակարգերով եւ ամբողջությամբ կահավորվել է մարզական գույքով: Այս կրթօջախում ստեղծվել է 25 աշխատատեղ՝ 14 մարզչական եւ 11 վարչական հաստիքներով՝ շուրջ 130,000 դրամ միջին աշխատավարձով:

Գեղարքունիքի մարզում նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մարզի Լիճք համայնքում գտնվող «Տեխնոման» ընկերության ածխաթթու գազի կորզման արտադրական համալիր, որտեղ Նախագահին ներկայացվել են ընկերության կատարած ներդրումներն ու հետագա զարգացման ծրագրերը: Նշվել է, որ 2012թ. հիմնադրված ընկերության հիմնական նպատակն է՝ բարձր որակի բնական ածխաթթու գազի արտադրությունը, որի մաքրությունը կազմում է 99.9%: Համալիրի կառուցման, ինչպես նաեւ հոսքագծերի պատվիրման եւ տեղադրման աշխատանքներն սկսվել են 2013թ. առաջին եռամսյակում, ավարտվել՝ 2014թ. սեպ-տեմբերին: Ծրագրի ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 1 մլրդ ՀՀ դրամ: Ընկերության հոսքագծերի արտադրողականությունը կազմում է տարեկան 5,000 տոննա CO2 գազ, որից 2,000 տոննան նախատեսվում է իրացնել Հայաստանում, իսկ 3,000 տոննան արտահանել Վրաստան եւ Ռուսաստանի Դաշնություն: Ընկերությունում ներկայումս աշխատում է 11 մարդ՝ 170,000 դրամ միջին աշխատավարձով:

Հանրապետության նախագահն այնուհետեւ Մարտունի քաղաքում ներկա է գտնվել հիմնանորոգված երաժշտական դպրոցի բացման արարողությանը: Շրջայցի ընթացքում ներկայացվել է, որ դեռեւս 1952թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2012թ. հոկտեմբերին եւ ավարտվել՝ 2015թ. հուլիսին: Աշխատանքների արդյունքում շենքը դարձել է եռահարկ, լսարանների թիվն ավելացել է 7-ով՝ դառնալով 19: Կառուցվել են հանդիսությունների դահլիճ եւ դասասենյակներ: Կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ` շենքի ամբողջ ծավալով: Վերակառուցվել է ներքին ջեռուցման ցանցը` մասնակի օգտագործելով գոյություն ունեցող համակարգը, անցկացվել է նոր վերգետնյա գազատար: Ջրամատակարարման ցանցն ամբողջովին վերակառուցվել է: Երաժշտական դպրոցը կահավորվել է անհրաժեշտ գույքով: Դպրոցն ունի 23 աշխատակից, որոնց թիվը հիմնանորոգումից հետո կավելանա եւս 7-ով՝ 95,000 դրամ միջին աշխատավարձով: Մինչ հիմնանորոգումը դպրոց է հաճախել 190 երեխա, կանխատեսվում է, որ նոր պայմաններում սաների թիվը կավելանա 50-ով:

Աշխատանքային այցի ավարտին, Մարտունի քաղաքի մշակույթի տանը նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սեւանա լիճ-2015» շախմատի միջազգային մրցաշարի բացմանը, որն անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ՝ 2005 թվականից ի վեր: ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչեւ հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ