News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հուլիսի 12-16-ը պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի գործընկերոջ՝ քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ողջունելով Երեւանի քաղաքապետին` Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ երկու քաղաքների հարաբերությունների հետագա զարգացմանը մեծապես կնպաստեն նաեւ այս օրերի պաշտոնական այցն ու դրա շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունները: Երեւանի եւ Մարսելի համագործակցությունը դիտարկելով հայ-ֆրանսիական ներկայիս ամուր եւ ջերմ հարաբերությունների համապատկերում` Մարսելի քաղաքապետն ընդգծել է, որ երկու քաղաքների համագործակցությունը այդ տեսանկյունից եւս պետք է լինի համարժեք ու համակողմանիորեն ընդգրկուն:

«Թե իմ եւ թե Մարսելի բնակիչների անունից վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք իսկապես բարձր ենք գնահատում եւ շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու եւ ֆրանսիացիներիս համար կարեւոր այս օրը Ձեր ներկայությամբ մեզ պատվելու համար: Այս այցը եւս մեկ հրաշալի հնարավորություն է` մեր քաղաքների միջեւ հաստատված բարեկամությունն ու համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու եւ նոր զարգացումներ նախանշելու համար: Համոզված եղեք, որ Երեւանը մեզ համար լավագույն գործընկեր է, ու մենք իսկապես կարեւորում ենք Երեւանի հետ փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը», - նշել է Ժան-Կլոդ Գոդենը:

Շնորհակալություն  հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին, ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, կարեւորել է Երեւանի ու Մարսելի միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը, որոնք հիմնված են երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության վրա: Քաղաքապետը նաեւ նկատել է, որ երկու քաղաքների միջեւ 2013թ.-ին ստորագրված համագործակցության համաձայնագիրը նոր էջ է բացել գործընկերային հարաբերությունների տասնամյակների պատմության մեջ:

«Իսկապես ողջունելի է, որ Երեւանի եւ Մարսելի միջեւ հարաբերությունները տարեցտարի ավելի զարգանում ու ընդլայնվում են, ինչի վառ ապացույցը նաեւ այդ համագործակցության ավելի քան 20-ամյա պատմությունն է: Մարսելի հետ մեր երկարամյա համագործակցությունն արդեն ամուր հիմքերի վրա է դրված, ինչի մասին փաստում են նաեւ մեր փոխայցերը: Եվ եթե հաշվի առնենք նաեւ ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայերի համար Մարսելի երկրորդ հայրենիք դառնալու հանգամանքը, ապա վստահաբար կարող ենք ասել, որ Մարսելն իրապես մեծ դերակատարում ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման գործում»,- ընդգծել է քաղաքապետը՝ առանձնակի կարեւորելով նաեւ Մարսելի գործընկերոջ անձնական ներդրումը երկու քաղաքների համագործակցության ընդլայնման հարցում:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին եւ Շառլ Ազնավուրին հրավիրել է մասնակցելու «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ