News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե Ռուսաստանը «հանելուկ է, պարուրված խորհրդավորությամբ՝ առեղծվածի ներսում», ինչպես Չերչիլն էր ասում, ապա Հարավային Կովկասը հանելուկ է՝ պարուրված խավարով եւ խճճված Գորդյան հանգույցում: Այս մասին «Հարավային Կովկասը եւ Արեւմուտքի ազդեցության սահմանները» հոդվածում գրել է Բրուքինգի ինստիտուտի վերլուծաբան Էնդրյու Մոֆատը:

Նրա խոսքով, տարածաշրջանի երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, էթնիկ, մշակութային, կրոնական, լեզվական տարբերություններ ունեն: «Բայց չնայած հսկայական տարբերություններին, Արեւմուտքի քաղաքական պատկերացումների տեսանկյունից դրանք մեկ խմբում են ներառված: Այդ խմբավորումը բերել է անհեռանկարային քաղաքական մոտեցումների, սակայն միամտություն է ակնկալել, որ Վաշինգտոնում կամ Բրյուսելում միջին վիճակագրական քաղաքական գործիչը կգնահատի Հարավային Դակոտայի չափով եվրասիական տարածաշրջանի բարդությունը: Ամեն դեպքում, Հարավային Կովկասի երկրներն այսօր միասին շատ նման, սակայն եզակի մարտահրավեր են արեւմտյան գործիչների համար»,- գրում է վերլուծաբանը:

Ըստ նրա, տարածաշրջանի կայունությունն ու ինտեգրումը, անկասկած, կարեւոր են Արեւմուտքի համար: Հեղինակն առաջարկում է տարածաշրջանում «մեղմ ռեգիոնալիզմի» քաղաքականություն վարել՝ երկարաժամկետ ջանքերով: ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանն անմիջապես գրավեց Արեւմուտքի ուշադրությունը երեք պատճառներով. 1) նորանկախ պետությունները չօգտագործված պոտենցիալ ունեին՝ կասպիական աշխաջրածինների արտահանման նոր երթուղու զարգացման համար; 2) Արեւմուտքը ձգտում էր խորացնել եվրո-ատլանտյան ինստիտուտների հետ միությունը՝ Եվրոպայի շրջագծում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար; 3) Արեւմուտքը շահագրգռված էր ռուսական եւ իրանական ազդեցության նվազեցմամբ:

«Սակայն 2008 թվականից Հարավային Կովկասի կողմնորոշումը կտրուկ փոխվեց»,- գրում է Մոֆատը՝ հավելելով, որ 2008 թվականի պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը տարածաշրջանը դիտարկում է որպես իր շահերի արտոնյալ ոլորտի մաս:

Արեւմուտքում օրակարգային դարձան այլ հարցեր՝ Արաբական գարունից մինչեւ Սիրիա եւ Իրան, մինչդեռ հույսերը, որ կայունության ամրապնդման եւ ինտեգրման ջանքերը, այդ թվում՝ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ի դերեւ ելան:

Նշվում է նաեւ, որ Ուկրաինայում եւ Ղրիմում Ռուսաստանի վերջին գործողությունները բարձրացրեցին Հարավային Կովկասում անկայունության եւ անպաշտպանության զգացողությունը: Բացի այդ, Ռուսաստանի հաստատակամությունն ուժեղացրեց չլուծված հակամարտությունների շուրջ լարվածությունը, «հատկապես Լեռնային Ղարաբաղում, որտեղ բռնությունը գագաթնակետին հասավ 1994 թվականին հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր»:

Ներկայում Արեւմուտքը նայում է «նվազագույն ռեսուրսներով եւ արտաքին քաղաքական հզորությամբ» տարածաշրջանի ուղղությամբ, մինչդեռ երկրներն իրենք, հեղինակի համոզմամբ, «անցյալի նախաձեռնությունների ձախումից հետո» ավելի մեծ ցինիզմով են վերաբերվում Արեւմուտքի մտադրություններին եւ պարտավորություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ