News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եթե նույնիսկ ընդունենք, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագիծն անթերի է, միեւնույն է այն մեզ ոչ մի օգուտ չի բերի, եթե այն մեկնաբանելու ու կիրառելու են իրավունքից բացարձակ անտեղյակ մարդիկ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հագենի Համալսարանի Գերմանական եւ եվրոպական սահմանադրական եւ վարչական իրավունքի, ինչպես նաեւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը: Ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա, թե ոչ:

Այս թեմայով իմ բոլոր նախկին հարցազրույցներում ասել եմ, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն սկզբունքորեն չկա: Պատճառն այն է, որ գործող Սահմանադրությունը երբեք իր իսկական իմաստով չի կիրառվել, հետեւաբար հնարավոր չէ ասել, թե որոնք են գործող Սահմանադրության թերությունները, որոնք էլ վերացնելու համար պետք է փոփոխել այն: Ավելին, գործող Սահմանադրության մի շարք առանցքային դրույթներ բազմիցս մեկնաբանվել ու կիրառվել են իրենց իսկական իմաստին տրամագծորեն հակառակ իմաստով: Գործող Սահմանադրության որոշ դրույթների իմաստի աղավաղման մի քանի օրինակ բերեմ ՀՀ սահմանադրական դատարանի պրակտիկայից:

Այսպես, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը հիմնական իրավունքներով սահմանափակում է միայն պետական իշխանությանը՝ օրենսդրին, գործադիր իշխանությանը եւ արդարադատությանը: Դա նշանակում է, որ հիմնական իրավունքների միակ հասցեատերը, այսինքն՝ դրանցով պարտավորված կողմը, պետությունն է: Մասնավոր անձինք Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների հասցեատեր չեն: Նրանք հիմնական իրավունքներով ոչ թե կաշկանդված են, այլ հակառակը՝ լիազորված են: Հիմնական իրավունքների ամբողջ իմաստը, հետեւաբար, պետությունից մարդկանց պաշտպանելն է: Բայց ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում (տես, օրինակ, ՍԴՈ-719 որոշումը) հիմնական իրավունքները գլխիվայր շուռ է տվել ու ֆիզիկական ու իրավաբանական անձանց հիմնական իրավունքերի կրողից վերածել է հիմնական իրավունքների հասցեատիրոջ: Դա նշանակում է, որ հիմնական իրավունքերը Հայաստանում անձի ազատությունը պաշտպանելու գործիքից վերածվել են անձի ազատությունը սահմանափակելու գործիքի, ինչը բնականաբար հիմնական իրավունքների էության աղավաղում է:

Մեկ այլ օրինակ: Իրավագիտության տարրական կանոններից է, որ իրավունակությունը, ներառյալ հիմնական իրավունքներ ունենալու ունակությունը, սկսվում է մարդու ծնունդով ու ավարտվում նրա մահով, որովհետեւ միայն կենդանի մարդը կարող է ունենալ իրավունքներ: Բայց պարզվում է, որ Հայաստանում այս տարրական իրավական աքսիոմը չի գործում, եւ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ դիակները նույնպես կարող են ունենալ իրավունքներ, ընդ որում հիմնական իրավունքներ: Այդ ինչպե՞ս՝ կհարցնեք Դուք: Շատ պարզ. սահմանադրական դատարանի ՍԴՈ-913 որոշմամբ դիակները հռչակվել են անձնական անձեռնմխելիության իրավունքի կրող (Սահմ. 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասություն): Դրան հակառակ՝ սահմանադրական դատարանի 13.03.2012 թ. ՍԴԱՈ-16 որոշմամբ իրավաբանական անձինք զրկվել են հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքից (Սահմ. 23-րդ հոդ. 5-րդ մաս): Ու ցավոք նման օրինակները բազմաթիվ են:

Շատ տրամաբանական հարց է ծագում՝ Սահմանադրությունն ի՞նքն է մեղավոր, որ երկրում նման իրավական քաոս է տիրում: Պատասխանը բոլորի համար շատ պարզ է՝ իհարկե ոչ: Սահմանադրությունն ինքը նման բան չի ասում, բայց սխալ է հասկացվում ու սխալ է կիրառվում:

Այսօր Հայաստանում շատ ավելի հրատապ է ոչ այնքան Սահմանադրության, որքան իրավաընկալման փոփոխության խնդիրը: Եթե այսօրվա հայկական իրավունքում գերիշխող խեղաթյուրված իրավաընկալումը չփոխվի, ոչ մի սահմանադրական բարեփոխում ցանկալի արդյունքներ չի բերի: Հայտնի փաստ է, որ երկրում իշխող իրավաընկալումն ու քաղաքական մթնոլորտն են որոշիչ, թե ինչպես են ընկալվում ու կիրառվում Սահմանադրությունն ու օրենքները: Հետեւաբար, եթե նույնիսկ ընդունենք, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագիծն անթերի է, միեւնույն է այն մեզ ոչ մի օգուտ չի բերի, եթե այն մեկնաբանելու ու կիրառելու են իրավունքից բացարձակ անտեղյակ մարդիկ: Եվ հակառակը, շատ թերություններ ունեցող Սահմանադրությունը բարձրակարգ իրավաբանների կողմից կարող է ճիշտ մեկնաբանվել ու ճիշտ կիրառվել, այնպես, որ բոլոր իրավական խնդիրները լուծվեն արդարության սկզբունքին համապատասխան, չխախտվի ոչ ոքի իրավունքը: Հետեւաբար, անհրաժեշտ է բարեփոխել ոչ թե Սահմանադրությունը, այլ այն կիրառողներին:

Ի՞նչ կտա խորհրդարանական համակարգը եւ համամասնական ընտրակարգը Հայաստանին:

Խորհրդարանական կառավարման համակարգի հիմնական առանձնահատկությունն այն է, որ կառավարությունն իր ընտրության եւ իր լիազորություններն իրականացնելու հարցում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված է խորհրդարանի աջակցությունից: Ընդ որում այդ երկու հաստատությունները իրենց անդամների կազմով միահյուսված են (նախարարները կարող են միաժամանակ լինել պատգամավորներ), եւ խորհրդարանն ունի աչքի ընկնող իրավասություններ, ամենից առաջ կառավարությանն ընտրելն ու նրան հեռացնելը: Վառ արտահայտված է նաեւ այն, որ կառավարության նախագահը (վարչապետ, կանցլեր եւ այլն) ընտրվում է խորհրդարանի կողմից եւ ունի լայն իրավունքներ նախարարների հանդեպ:

Կիսանախագահական համակարգերում, ինչպիսին Հայաստանն է, կարող է ծագել միայն այդպիսի կառավարման ձեւ ունեցող պետություններին բնորոշ խնդիր: Մասնավորապես, իշխանության թեւերի ներդաշնակ գործունեությունն այդ երկրներում կարող է չափազանց անկայուն դառնալ այսպես կոչված Cohabitation-ի դեպքում: Դա այն իրավիճակն է, երբ հանրապետության նախագահը եւ վարչապետը պատկանում են հակադիր քաղաքական ճամբարների: Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության պատմության մեջ, օրինակ, գրանցվել է Cohabitation-ի երեք դեպք: Cohabitation-ից խուսափելու համար Ֆրանսիայում բազմիցս արձակվել է խորհրդարանը, եւ նշանակվել են նոր ընտրություններ: 2000 թվականին Ֆրանսիայի Սահմանադրությունը փոփոխվեց, նախագահի պաշտոնավարման ժամկետը 7-ից իջեցվեց 5 տարի, եւ այդ ժամանակվանից նախագահի ու խորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում նույն տարում: Ֆրանսիական Սահմանադրության բարեփոխումների նպատակներից մեկն էլ ապագայում Cohabitation-ից խուսափելն էր: Սակայն դրա վտանգը, միեւնույն է, մնում է, եթե խորհրդարանն արձակվի, կամ տեղի ունենան նախագահի արտահերթ ընտրություններ, եւ արդյունքում նախագահի ու խորհրդարանի ընտրությունները դրանից հետո տեղի ունենան տարբեր տարիների:

Այս նույն վտանգը կա նաեւ Հայաստանի համար: Բայց, ինչպես երեւում է, այդ վտանգից վերջնական խուսափելու հնարավորություն գոյություն չունի: Բայց միաժամանակ պետք է ընդգծել, որ Հայաստանում նման խնդիր երբեւէ չի ծագել: Ես կարծում եմ, որ գործող սահմանադրական կարգավորումներն սկզբունքորեն բավարար են իշխանության երեք ճյուղերի բնականոն գործունեությունն ապահովելու համար: Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգին, ապա այն ունի իր թե՛ առավելությունները, թե՛ թերությունները:Համամասնական ընտրակարգի առավելություններն են՝

• Ընտրողի կամքն ավելի լավ է արտահայտվում, քանի որ կուսակցությունը որոշակի քանակի տեղեր է ստանում իր հավաքած ձայների քանակին համապատասխան

• Նաեւ փոքր ու միջին կուսակցություններն են ստանում պատշաճ քաղաքական մասնակցության իրավունք

• Ընտրատեղամասերի բաշխման միջոցով ընտրության արդյունքի վրա ազդելու հնարավորությունը շատ քիչ է

• Յուրաքանչյուր առանձին ձայն (նաեւ ընտրություններում պարտված կուսակցության համար) ունի հավասար արժեք, այսինքն՝ միեւնույն ազդեցությունն ունի խորհրդարանի ձեւավորման վրա: Այստեղից միակ բացառությունը որոշակի արգելող վերապահումն է, օրինակ՝ 5% արգելապատնեշը:

Համամասնական ընտրակարգի թերություններից գլխավորն այն է, որ ընտրողը հաճախ ուղղակի ազդեցություն չունի տեղեր ստացող թեկնածուների վրա, քանի որ ցուցակները որպես կանոն կազմվում են կուսակցությունների կողմից: Դա կարող է տանել նրան, որ արդյունքում ցուցակներից ընտրված պատգամավորներն իրենց ավելի շատ պարտավորված զգան կուսակցության ղեկավարության, քան ընտրողի առջեւ, քանի որ կուսակցությունն ընտրական ցուցակ կազմելու միջոցով ավելի մեծ ազդեցություն ունի կոնկրետ թեկնածուի հաջորդ ընտրության հնարավորության վրա: Այդպիսով դա աստիճանաբար տանում է ավելի ուժեղ կուսակցական դեմոկրատիայի:

Որոշ համակարգեր մեղմացնում են այս թերությունը տարբեր տեսակի ընտրական ցուցակների օգնությամբ: Օրինակ՝ Շվեյցարիայում գոյություն ունեն ազատ (կամ բաց) ցուցակներ, որոնց դեպքում ընտրողն ունի սահմանափակ թվով ձայներ եւ կարող է իր ցանկությամբ դրանք բաշխել տարբեր ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջեւ (պանաշավորում) կամ նույնիսկ նոր թեկնածուներ ավելացնել եւ եղածներին ջնջել: Դրա համար ընտրողն ստանում է մի դատարկ քվեաթերթիկ եւ կարող է անձամբ իր համար նոր ընտրական ցուցակ կազմել: Մեկ այլ հնարավորություն է այսպես կոչված չկապակցված ընտրական ցուցակը, որի դեպքում ընտրողը չնայած պիտի ընտրի իրեն ներկայացված մի քանի ընտրական ցուցակներից մեկը, սակայն իր ընտրած ցուցակում նա կարող է ինքնուրույնաբար թեկնածուների հաջորդականությունը որոշելու, մեկ կամ մի քանի թեկնածուների նախապատվություն տալու կամ առանձին թեկնածուների մեկից ավել ձայն տալու միջոցով ազդել կուսակցության առաջարկի վրա: Թե Հայաստանում ինչ տարբերակ կընտրվի, կերեւա միայն նոր ընտրական օրենսգրքի ընդունումից հետո:

Սակայն կրկին պետք է հիշեցնեմ իրավաընկալման եւ քաղաքական մթնոլորտի վճռորոշ դերի մասին: Միայն ճիշտ իրավաընկալման ու առողջ քաղաքական մթնոլորտի պայմաններում կարելի է հույս ունենալ, որ իշխանության մարմիններն իրենց լիազորությունները չեն չարաշահի: Եվ դա վերաբերում է ցանկացած կառավարման ձեւի, այդ թվում՝ առաջարկվող խորհրդարանական ձեւին: Կամ ընտրական համակարգերի առավելությունների ու թերությունների մասին դատողություններն իմաստ ունեն միայն այն դեպքում, եթե անցկացվում են արդար ու թափանցիկ ընտրություններ: Հակառակ դեպքում լրիվ միեւնույն է, թե ինչ ընտրակարգով են անցկացվում ընտրությունները: Եթե ընտրություններ են կեղծվում, ապա ոչ մի նշանակություն չունի, թե այդ ընտրություններն անցկացվում են համամասնական, թե մեծամասնական ընտրակարգով, կիսանախագահական, թե խորհրդարանական կառավարման ձեւի պայմաններում:

Կատարվելիք փոփոխություններից ո՞րն է ըստ Ձեզ ամենամտահոգիչը:

Ես այս պահի դրությամբ ամողջությամբ ծանոթ չեմ նախագծին, ուստի այս հարցին պատասխանել չեմ կարող:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ