News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի եւ նախկին խորհրդային պետություն Ադրբեջանի միջեւ շուրջ 7.000 մղոն տարածություն կա, բայց դա չի խանգարում ավելի ու ավելի շատ կուլիսային քաղաքական մերձեցման, որը լրացվում է նահանգի Կապիտոլիումի հնարքներով եւ Ադրբեջան օրենսդիրների այցելությունները, ինչը քննդատություն է հրահրում եւ Նյու Մեքսիկոյին ներգրավում տարածաշրջանային վաղեմի թշնամության մեջ: Այս մասին գրում է տեղական «Albuquerque Journal» պարբերականը:

Հոդվածի համաձայն, նահանգի բարձրաստիճան մի օրենսդիր, որը վերջին տարիներին Ադրբեջան այցելած պաշտոնական պատվիրակությունների կազմում է եղել, պնդում է, որպեսզի վճարովի այցերը ճանաչողական բնույթ կրեն, եւ որպեսզի իրենց չստիպեն փոխարենը որեւէ բան տալ:

Սակայն վերջին երեք տարիներին Նյու Մեքսիկոյի օրենսդիրները հավանության են արժանացրել երաշխավորական հուշագրերը, որոնցում բարձր են գնահատվում Ադրբեջանի արժանիքներն ու մահմեդական մեծամասնությամբ աշխարհի պետության եւ ամերիկյան նահանգի միջեւ կապերը: Այդ հուշագրերի մեծ մասը միաձայն հավանության է արժանացել, առանց հատուկ բանավեճերի:

«Չնայած հուշագրերն իրավաբանական ուժ չունեն, դրանց պատճեններն ուղարկվել են նախագահ Բարաք Օբամային, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին եւ ընտրովի եւ նշանակովի այլ պաշտոնյաների: Ամեն դեպքում, Ադրբեջանը բազմաթիվ քննադատներ ունի: Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը վերջերս Ադրբեջանին ներառել է աշխարհում ամենակոշտ գրաքննությունն ունեցող 10 երկրների ցանկում՝ Հյուսիսային Կորեայի, Սաուդյան Արաբիայի, Չինաստանի, Իրանի եւ այլ պետությունների հետ միասին»,- գրում է ամերիկյան պարբերականը՝ հավելելով, որ Նյու Մեքսիկոն միայնակ չէ Ադրբեջանի ուշադրությանն արժանանալու հարցում, որը տարբեր բանաձեւեր եւ հուշագրեր է առաջ մղում ավելի քան 30 նահանգներում:

Նախկինում էլ «The Washington Post»-ը գրել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Լուհան Գրիշամը՝ նույնպես Նյու Մեքսիկոյից, 10 անդամից կազմված Կոնգրեսի պատվիրակության կազմում մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու մի համաժողովի, որի անցկացումը գաղտնի կերպով ֆինանսավորել է երկրի պետական նավթային ընկերությունը: Ալբուքերքեից այդ դեմոկրատը քննիչներին ասել էր, որ կարծել է, թե ուղեւորությունը ֆինանսավորվում է ոչ կոմերցիոն խմբերի կողմից, եւ չի մտածել, որ նվեր ստացած ադրբեջանական գորգերն արժեքավոր են կամ գրավիչ: Բացի այդ, ուղեւորությունից առաջ նա Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովի հավանությունն է ստացել: Վերադարձից հետո Լուհան Գրիշամը եւ նրա գործընկերներից մի քանիսը համապատասխան հարցաթերթիկներում ոչինչ չեն նշել ստացած գորգերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ