News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը պատրաստ է վճարել ցանկացած գումար, որ անհրաժեշտ կլինի «Սդղի գյոլի» գործով տուժող` Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների առողջությանը հասված վնասը վերականգնելու, նրանց բուժումն ապահովելու համար։ Այս մասին այսօր` հուլիսի 27-ին, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների իրավասության դատարանում լրագրողներին ասաց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը` այնուամենայնիվ, պնդելով, որ իր պաշտպանյալը` Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը, ծեծին չի մասնակցել։

«Անկախ նրանից, թե Խաչատրյան ընտանիքը որեւէ մասնակցություն ունի, թե ոչ, նրանք տուժող կողմին առաջարկել են նյութական օգնություն։ Անգամ երբ Հարություն Զաքարյանը, ըստ ինձ սուտ պնդեց, որ Տիգրանն իր աչքին հարվածել է, Տիգրանի խոսքը եղավ այն, որ եթե քո աչքը կտեսնի, թող ես գնամ, դրա համար հինգ տարի նստեմ»,– ասաց փաստաբանը։

Փաստաբանը նաեւ հույս հայտնեց, որ դատարանը չի բավարարի Տիգրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը` հաշվի առնելով իրենց ներկայացրած ապացույցները, եւ գործը գրավին չի հասնի։ Այնուամենայնիվ, եթե կալանքի որոշում կայացվի, փաստաբանն արդեն միջնորդել է, որ խափանման այլընտրանքային միջոց լինի գրավի դիմաց ազատ արձակելը։ Նաեւ նշեց, որ Խաչատրյանները պատրաստ են համաձայնել դատարանի առաջարկած ցանկացած գումարի հետ, պատրաստ են նաեւ տուն գրավադրել։

Դատարանում խորհրդակցությունը շարունակվում է արդեն մի քանի ժամ։  Որոշվում է Տիգրան Խաչատրյանի խափանման միջոց կալանք ընտրելու` քննիչի միջնորդությունը:

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր  Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

Կատարված քննչական գործողությունների արդյունքում նախկինում 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Մ.Զաքարյանին ծեծելու, միջին ծանրության վնաս պատճառելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ