News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձեւավորված ջերմ հարաբերություններն այսուհետ եւս կշարունակվեն, նաեւ հույս է հայտնել, որ շնորհիվ դեսպանի գործուն աջակցության` նոր խթան կտրվի երկու մայրաքաղաքների միջեւ գործնական հարաբերություններին: Առանձնակի կարեւորելով դեռեւս 2000թ.-ին Երեւանի եւ Բուենոս Այրեսի միջեւ ստորագրված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ եւ հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման մասով փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար:

«Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարեւորում ենք նաեւ միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարեւոր է նաեւ գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության խթանումը: Երեւանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության շրջանակներն ու, ըստ այդմ, պարոն դեսպան, ակնկալում եմ, որ Ձեր գործուն աջակցությամբ նոր թափ կհաղորդենք Երեւանի եւ Բուենոս Այրեսի միջեւ գործընկերային երկուստեք կապերին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ–ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան իր հերթին, կարեւորելով Երեւանի քաղաքապետի համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երեւանի եւ Բուենոս Այրեսի միջեւ առավել առարկայական փոխգործակցություն ծավալվի:

«Քաղաքների խնդիրներն իսկապես համանման են, եւ ես համամիտ եմ Ձեզ հետ, պարոն քաղաքապետ, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցություն ծավալելով` դրանց լուծումն առավել հեշտ է դառնում: Եվ վստահեցնում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը` երկու պետությունների քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ, եւ արդեն առաջիկայում մենք կքննարկենք կոնկրետ ծրագրեր իրականացնելու հեռանկարները»,- նշել է դեսպանը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գոնզալո Ուրրիոլաբեիտիային մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ու մեկ անգամ եւս ընդգծել, որ քաղաքապետարանը կարեւորում է գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը եւ, ըստ այդմ, իր լիազորությունների շրջանակում բաց եւ պատրաստակամ է օժանդակելու Երեւանի հետ Բուենոս Այրեսի փոխշահավետ համագործակցության, զբոսաշրջության զարգացման ու Երեւանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ