News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 28-ին այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Աղձք համայնք (նախկինում Ձորափ)՝ գյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հնավայրերի պեղումների ընթացքին ծանոթանալու նպատակով: Նշենք, որ պեղումներ պարբերաբար կատարվել են, բայց դրանք կիսատ են մնացել, եւ անցած տարի Աղձք այցի շրջանակում ծանոթանալով 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների դամբարանի եւ պեղավայրի վիճակին՝ վարչապետը խոստացել էր ֆինանսական միջոցներ հատկացնել եւ հանձնարարել էր վերսկսել աշխատանքները:

Արշակունիների դամբարանը պեղած հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Հակոբ Սիմոնյանը վարչապետին է ներկայացրել պեղումների առաջին փուլում կատարված աշխատանքների արդյունքները, պեղավայրում հայտնաբերված գտածոները եւ հաջորդ փուլերի վերաբերյալ հնագիտական արշավախմբի առաջարկությունները: Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանությունը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, եւ գործադիրը կշարունակի անհրաժեշտ միջոցներ հատկացնել պեղումները շարունակելու եւ ավարտին հասցնելու համար: Կառավարության ղեկավարը կարեւորել է պատմամշակութային բացառիկ կոթողների պահպանումը եւ արժեւորումը ինչպես մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության, այնպես էլ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Իր հերթին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ մշակվել եւ կառավարություն է ներկայացվել հնագիտության զարգացման ծրագիր, որը ոչ միայն գիտական, այլեւ կրթական կարեւոր նպատակ ունի, այն է՝ ընտրել յուրաքանչյուր շրջանի ամենակարեւոր հուշարձանը, հնավայրը եւ իրականացնել կրթական ու զբոսաշրջային ծրագրեր:

Պատմական Աղձք համայնքի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում 2002 թ. ներառվել է 14 հուշարձան, այդ թվում՝ 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված արքայական դամբարանը, 4-րդ դարում կառուցված եկեղեցու մնացորդներ, մ.թ.ա-2-1 հազարամյակի դամբարան, գերեզմանոց եւ այլն:

Աղձք այցի ընթացքում կառավարության ղեկավարը նաեւ զրուցել է համայնքի բնակիչների հետ, ովքեր բարձրացրել են համայնքին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ