News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի խմբագրությունը նամակ է ստացել Երեւանի բնակչուհուց, որը տրանսպորտային հերթական խնդրին է բախվել: Հաշվի առնելով, որ նամակում ներկայացված թեման առնչվում է ցանկացած բնակչի եւ ուղղակիորեն կապված է քաղաքացիների կյանքի եւ առողջության հետ, որոշեցինք հրապարակել այն:

Հայաստանում տրանսպորտը, թերեւս, ամենաշնորհակալ թեման է քննադատության համար: Այս թեմայի շուրջ շատ բան է ասվել, եւ դեռ ավելին կասվի: Բայց այս դեպքում խոսքը ոչ թե մեքենաների սրահի մաքրության, հարմարավետության, վարորդների կարգուկանոնի, արտաքինի եւ սթափության մասին է, այլ ուղեւորների տարրական անվտանգության:

Մի դեպք եմ հիշում: Երթեւեկում էի երկութայինով, մերձավոր արտասահմանից երկու օտարերկրացի բարձրացան մեքենա: Տղամարդիկ նստեցին սրահի վերջում: Նստարանի տակ գազի բալոնը տեսած տղամարդկանցից մեկի զարմացած հայացքին ի պատասխան՝ մյուսը, որին, թերեւս, արդեն ծանոթ էր իրավիճակը, հեգնանքով պարզաբանեց. «Այո՛, հենց բալոնի վրա»: Ինչ նորմերի է համապատասխանում գազի բալոնի վրա երթեւեկությունը՝ չեմ կարող դատել: Սակայն Երեւանում եւ Երեւան-Գյումրի մայրուղում ողբերգական միջադեպերը վկայում են. գազի բալոններով մեքենաների մասնակցությամբ լուրջ պատահարներն ուղեւորներին ողջ մնալու քիչ հնարավորություն են տալիս:

Առավել եւս սարսափելի է, երբ այդպիսի սարսափելի «զենքով զինված» երթուղայիններն ու տաքսիները մրցավազք են սկսում: Պատճառը շատ պարզ է. ուղեւորների «որս»: Մայրաքաղաքի կայքում ներկայացված տվյալների համաձայն, Երեւանի ուղեւորատար տրանսպորտի ցանցը ներառում է 76 միկրոավտոբուսային, 68 ավտոբուսային եւ 10 տրոլեյբուսային երթուղի: Երեւանում հասարակական տրանսպորտի 736 կանգառ կա: Թվում է՝ կանգառները բավարար են, դրանց միջեւ տարածությունն այնքան էլ մեծ չէ: Բայց՝ ոչ: Կանգառից նոր դուրս եկած վարորդին հրահանգում են կանգ առնել, եւ նա, փնթփնթալով կամ առանց դրա, ենթարկվում է: Մայթեզրից ուղեւորների ձեռքի շարժումները չեն քննարկվում. երթուղայինը կամ տաքսին անմիջապես մոտ են «թռչում»՝ ուշադրություն չդարձնելով ճանապարհային երթեւեկության կանոններին:

«Բաց մի թող հաճախորդին» զբաղմունքին ավելանում է նաեւ «շրջանցիր մրցակցին» մղումը: Այս սկզբունքին հետեւում են նույն ուղղությամբ ընթացող տրանսպորտային բոլոր միջոցները: Երկարատեւ դիտարկումները ցույց են տալիս, որ «զուգահեռ» ուղերթերի վարորդները ձգտում են միաժամանակ շարժվել՝ հավաքելով կանգառներում եւ դրանցից դուրս կանգնած ուղեւորներին: Հստակ թարմ օրինակ են 28 եւ 42 համարի երթուղայինների վարորդների «քնքուշ» հարաբերությունները: Արարատյան մասիվի նեղ փողոցներից մեկում՝ տեսահսկման խցիկներից հեռու, իսկական մրցավազք է սկսվում՝ հարաբերություններ պարզելով:

Այս ամենը «ուղեվարձի ցածր սակագնով» բացատրելը պարզապես լուրջ չէ: Նախ՝ սահմանված գնի շրջանակում ուղեւորն առնվազն անվտանգ ուղեւորություն պահանջելու իրավունք ունի, գոնե, որպեսզի վարորդը վթարային իրավիճակ չստեղծի: Եվ երկրորդ՝ դժվար է պատկերացնել, որ բարձր սակագնի դեպքում հայտնի չէ որտեղից հարգալից եւ սթափ վարորդներ կհայտնվեն: Թերեւս, հարկավոր է անհապաղ քայլեր ձեռնարկել, քանի դեռ «գոյատեւման մրցավազքը» հերթական ողբերգությամբ չի ավարտվել:

Մարինա Լեւոնյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ