Եվրամիության ու Հայաստանի նոր բանակցություններում ձգձգումներ չկան։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստից հետո, լրագրողներին հայտնել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Բանն այն է, որ բանակցությունների մանդատի համար Եվրահանձնաժողովը պետք է ստանա ԵՄ բոլոր 28 անդամ պետությունների համաձայնությունը։ «Ինչպես հասկանում եք՝ բյուրոկրատական տեսակետից սա կարող է բավական ժամանակ պահանջել։ Նման կոնսեսուսային որոշումները, որոնց համար պահանջվում է յուրաքանչյուրի համաձայնությունը, որպես կանոն, հասկանալի պատճառներով որոշ ժամանակով ձգձգվում են։ Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները դրական դինամիկա ունեն»,-նշել է Քոչարյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեւանյան հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների նախնական փուլն ավարտված է: