News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրության նոր նախագծի հրապարակված 7-15-րդ գլուխներին:

Պարոն Պողոսյան, Սահմանադրության նոր նախագծի 1-15-րդ գլուխներն արդեն հրապարակվել են: Նոր նախագծով առանձին գլուխներ են հատկացված Կենտրոնական բանկին եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը նորարարություն է:

Կենտրոնական բանկի վերաբերյալ դրույթ կա գործող Սահմանադրությունում, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասով իրավացի եք; Հայեցակարգում արդեն ամրագրել ենք ԿԸՀ-ի կարեւորությունը, քանի որ այս հանձնաժողովը պատասխանատու է ընտրությունների, հանրաքվեի անցկացման համար, իսկ ընտրելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: Հետեւաբար, հանձնաժողովի գործառույթները, կազմը ներկայացված է նոր նախագծում: Նորամուծությունն այն է, որ առաջին անգամ նախատեսվում է, որ ԿԸՀ-ի ամբողջ կազմը եւ նախագահն ընտրվեն ԱԺ-ի կողմից` որակյալ մեծամասնության կողմից 3/5-րդ մասով:

Ընտրությունների արդար եւ ճիշտ անցկացման համար անհրաժեշտ է, որ այս մարմինը լինի քաղաքականապես չեզոք եւ այնպիսի մարդկանցից կազմված, որոնք վստահություն ունեն ինչպես մեծամասնության, այնպես էլ փոքրամասնության կողմից:

Նախագծում լայն հնարավորություններ են տրվում նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին:

Նախագծի ընդհանուր տրամաբանությամբ է սա պայմանավորված, այսինքն մարդու իրավունքներն առավելագույնս պետք է պաշտպանված լինեն: ՄԻՊ-ի գործառույթները չպետք է սահմանափակվեն միայն պետական եւ տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց կողմից կատարվող խախտումներով, այլեւ ՄԻՊ-ը պետք է իրավունք ունենա անդրադառնալ մարդկանց իրավունքները ոտնահարող այլ հարցերին, որոնք կարող են լինել ոչ պետական կազմակերպությունների կողմից: Սահմանադրությունում սա ամրագրելով` ավելի լավ հնարավորություններ են ստեղծվում մարդու տարբեր իրավունքների պաշտպանության համար:

Առաջին անգամ է թերեւս, որ վերպետական միջազգային կառույցներին Հայաստանի անդամակցությունը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով:

Այո, ընդհանրապես սա ժամանակակից ինստիտուտցիոնալիզմի միտումներից է: Խնդիրն այն է, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, եւ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հետեւաբար, ժողովուրդը պետք է որոշի` Հայաստանին այդ անդամակցությունն անհրաժեշտ է, թե ոչ, քանի որ վերպետական ինչ որ մի կազմակերպության իրավունք է տրվում սահմանափակ ոլորտներում որոշում կայացնելու:

Արդյոք սա կապվա՞ծ է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ, քանի որ ինչպես հիշում ենք, հասարակության մի մասը դեմ էր անդամակցությանը, այնուամենայնիվ, անդամակցեցինք:

Որեւէ միջազգային կազմակերպություն հատուկ նկատի չենք ունեցել: Ցանկացած պարագայում եթե Հայաստանը միանա վերպետական կազմակերպությանը, ապա որոշումը պետք է կայացնի հանրությունը հանրաքվեի միջոցով:

Սահմանադրության որոշակի հոդվածների փոփոխության նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ստանալու է նաեւ հասարակությունը, եթե հավաքի 2 հարյուր հազար քաղաքացու ստորագրություն: Արդյոք սա նշանակո՞ւմ է` քաղաքացիական հասարակությունը Սահմանադրությամբ իրավունքներ է ձեռք բերում:

Մենք այստեղ ամրագրել ենք քաղաքացիների կողմից Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնության հնարավորությունը: Եթե հավաքվի այդքան ստորագրություն, ապա Ազգային ժողովը պարտավոր է այդ հարցը քննարկել: Նույն ընթացակարգն է նախատեսված, եթե համապատասխան նախաձեռնությամբ հանդես է գալիս կառավարությունը կամ որոշակի թվով պատգամավորներ:

Գործող Սահմանադրությամբ հասարակությունն իր իրավունքն իրացնում է միայն ընտրությունների եւ Սահմանադրական հանրաքվեի միջոցով, մինչդեռ նոր նախագիծը լայն հնարավորություն է տալիս, որ քաղաքացիները նախաձեռնությամբ հանդես գան: Օրենքների հետ կապված նույնպես հնարավորություն կա, այսինքն 50 հազար քաղաքացի կարող է օրինագիծ մշակել եւ ներկայացնել ԱԺ:

Այսպես ժողովրդավարությունը չի սահմանափակվում միայն ներկայացուցչական ժողովրդավարությամբ եւ ժողովուրդը որոշակի պարբերականությամբ մասնակցում է ընտրություններին, իսկ խոսելու իրավունք ստանում է  միայն հաջորդ ընտրություններին:

Վենետիկի հանձնաժողովն արդեն հրապարակել է իր կարծիքը Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ: Ինչպե՞ս եք գնահատում այդ կարծիքը` հաշվի առնելով, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է արտահայտվել խորհրդարանական երկփուլ ընտրություններին:

Հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները եւ եկել է եզրահանգման, որ երկրորդ փուլի վերաբերյալ դրույթները չպետք է հանվեն Սահմանադրությունից: Հիմնավորումն այն է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով` պարտադրաբար անհրաժեշտ չէ պառլամենտական համակարգին անցնելու դեպքում ընտրել նման համակարգ: Մենք դա գիտակցում էինք, սակայն մեր հանձնաժողովի կարծիքով` Հայաստանին անհրաժեշտ է կայուն պառլամենտական համակարգ, ռացիոնալիզացված համակարգ, որը ողջունվել է նաեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Այնպես որ որպեսզի գործի այդ համակարգն առանց ցնցումների եւ երաշխավորի, որ Հայաստանը միշտ կունենա գործունակ կառավարություն, ապա դա հնարավոր է միայն երկրորդ փուլի միջոցով:

Մի բան նաեւ ասեմ. Վենետիկի հանձնաժողովը երբեք չի դատապարտել երկրորդ փուլը, նրանք առաջարկում են այդ կետը տեղափոխել Ընտրական օրենսգիրք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ