News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Արարատի մարզի Վեդիում ապրող մայրերը, որոնց զավակներն անհետ կորել են ղարաբաղյան հակամարտության գոտում, տաք հագուստ են գործել Գեղարքունիքի շրջանի Վարդենիս քաղաքի հաշմանդամություն ունեցող երեխաների համար: 

Նախաձեռնության գաղափարը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակությանն է, որը 2011 թվականից անհետ կորածների ընտանիքներին աջակցության ծրագիր է իրականացնում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ-ի սոցիալ-հոգեբանական ծրագրերի պատասխանատու Լուսինե Մկրտչյանը պատմեց, որ նախագիծը տարբեր կողմեր ունի, որոնցից մեկն անհետ կորածների հարազատների հանդիպումներ կազմակերպելն է, նրանց հասարակական ներառմանը նպաստելը, կապերի հաստատումը: «Ի տարբերություն հակամարտության հետեւանքով տուժած այլ ընտանիքների, այս ընտանիքները շարունակում են մնալ «կախված» հոգեբանական վիճակում, երբ հույսը հուսահատությամբ է փոխարինվում: Դա ոչ միայն մեկուսացման է հանգեցնում, այլեւ խանգարում է շրջապատի հետ շփումներին»,- նշեց Լուսինե Մկրտչյանը:

Տարին մի քանի անգամ Կարմիր խաչի հայկական ընկերակցության հետ համագործակցությամբ հանդիպումներ են կազմակերպվում անհետ կորածների հարազատների հետ: Նման հանդիպումներից մեկը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին՝ Վարդենիսում, ուր եկել են Վեդիի 9 ընտանիք ներկայացնող կանայք: Ավանդույթի համաձայն, հանդիպումն անցել է «Աստղավարդ» կենտրոնում, որը միավորում է Վարդենիսի եւ ավելի քան 35 համայնքի հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների: Ավանդույթի համաձայն, քանի որ երբ ծրագրվում էր առաջին հանդիպումը, պարզվել է, որ Վարդենիսում այնքան շատ չեն վայրերը, որտեղ հնարավոր լիներ սրտաբաց հանդիպում կազմակերպել: Բայց առաջին հանդիպման հաջողությունն այնպիսին էր, որ այդ օրից դրանք անցկացվում են այս կենտրոնում՝ նրա ղեկավար Մելանյա Եփրեմյանի ակտիվ մասնակցությամբ: 

Կենտրոն այցելությունն ու նրա սաների հետ հանդիպումները հուզել են անհետ կորածների մայրերին, որոնք որոշել են տաք իրեր գործել եւ նվիրել երեխաներին: Վեդիում ապրող մայրերն իրենց մտադրությունն իրագործել են օգոստոսի 30-ին նշվող՝ Անհետ կորածների միջազգային օրվան ընդառաջ:  

Մանուկների համար գործված հագուստը Վարդենիս են հասցրել հենց վարպետուհիները եւ մի մասը տեղում հագցրել երեխաներին: Պարզվել է՝ երեխաները նույնպես նախապատրաստվել են հանդիպմանը: Նրանք իրենց ձեռքով կախազարդեր են պատրաստել, կենտրոնում՝ կարմիր խաչ, որպես իրենց միավորած ԿԽՄԿ-ի խորհրդանիշ, իսկ ներքեւում՝ Վարդենիս-Արարատ գրություն:

Հանդիպման մասնակից կանայք նաեւ հնարավորություն են ունեցել դիտել շվեյցարացի լրագրողների պատրաստած ֆիլմը, որը նվիրված է ԿԽՄԿ-ի գործունեությանը: Ֆիլմն օգոստոսի 30-ի նախօրեին կցուցադրվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, իսկ առայժմ անհետ կորածների մայրերը կարողացել են դիտել ժապավենի այն հատվածը, որտեղ օգտագործվել են նրանց հետ հարցազրույցները:

Հանդիպումն ավարտվել է Սեւանի ափ այցելությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ