News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայում անցկացված զանազան հարցումները ցույց են տալիս, որ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» դիրքերը զգալիորեն ամրապնդվել են։ Այս մասին օգոստոսի 28-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են նոյեմբերի 1-ին, թուրքագետը նշել է․ «Փաստորեն սցենարը, որն իրականացվել է Թուրքիայում,  այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաշվարկների արդյունքն է։ Սկզբից եւեթ, երբ նա տեսավ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները իրեն ձեռնտու չեն, նա մտածեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին՝ այն հույսով, որ կկարողանա մի քանի տոկոսով ավելացնել «Արդարություն ու զարգացում» կուսակցության ձայները, դրանով իսկ ստանալով միանձնյա կառավարություն ձեւավորելու հնարավորություն»։ Բայց համենայն դեպս, շարունակել է Ռուբեն Սաֆրաստյանը, այսօրվա դրությամբ երեք տարբեր (իշխանամետ ու քրդամետ) վերլուծական կենտրոնների հարցումների տվյալները ցույց են տալիս, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ի վիճակի չէ հասնել իր նպատակին։ «Եթե նրանց ձայները նույնիսկ ավելանան, ապա 1-1․5 տոկոսով, այսինքն չեն հասնի 45 տոկոսի, ինչն անհրաժեշտ է կառավարության միանձնյա ձեւավորման համար»,- հավելել է թուրքագետը։

Այն հարցին, թե որ զանգվածի հաշվին է Էրդողանը ուզում ավելացնել «Արդարություն ու զարգացում» կուսակցության ձայները ՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ մի կողմից երբ նրանք 2013թ․ քրդերի հետ խաղաղ գործընթաց սկսեցին, «Ազգային շարժում» համաթուրքական կուսակցությունը կտրուկ քննադատեց դա ու դրանով իսկ ավելացրեց իր ձայները։ «Հիմա նրանք սկսել են հակաքրդական հիստերիա, հույս ունենալով վերադարձնել այդ ձայները։ Երբ քրդամետ կուսակցությունը ստացավ 13 տոկոս ձայն ՝ դրա 11 տոկոսը քրդերի ձայներն էին, իսկ 2 տոկոսն էլ թուրքերն էին նրանց տվել, որպես լիբերալ կուսակցության։ Հիմա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հույս ունի երկրում կատարվող գործողությունները բացասական կողմից ներկայացնել ու վերադարձնել ձայների այդ երկու տոկոսը»,- շեշտել է թուրքագետը։ Կան տվյալներ, հավելում է Ռուբեն Սաֆրաստյանը, որ ընտրություններից 1-2 օր անց Էրդողանն արդեն որոշում էր կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն անցել են հունիսի 7-ին։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է ընտրողների 40․8 տոկոսը, «Ժողովրդական- հանրապետական կուսակցությունը»՝ 24․96 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 16․3 տոկոս, եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ 13․1 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ