News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն սեպտեմբերի 1-ին ներկա կլինի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունենալիք Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային: Ջանլուկա Մարչիանոն Արցախ է ժամանում ՀՀ առաջին տիկնոջ հրավերով։ Մաեստրոն մեծապես կարեւորում է «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան, քանի որ մշակութային այդ միջոցառմանը բոլորին կհամախմբի համաշխարհային լեզուն՝ երաժշտությունը՝ աշխարհին խաղաղության կոչ անելով։

Ջանլուկա Մարչիանոն նշում է, որ Արցախ այցելելով՝ մտավախություն չունի, թե հայտնվելու Ադրբեջանի սեւ ցուցակում։ «Սեպտեմբերի 1-ին կայանալիք նախագիծը մշակույթի միջոցով խոսում է խաղաղության մասին, եւ շատ ուրախ եմ մասը կազմել այդ միջոցառման։ Ինձ չեն կարող հետ կանգնեցնել ինչ-որ քաղաքական հարցեր։ Սա հենց այնպիսի մշակութային ծրագիր է, որը կոչ է անում բացել սահմանները, ապրել խաղաղությամբ, եւ ոչ մի արտիստ, կարծում եմ՝ նման միջոցառումներից հետ չի կանգնի»,- նշում է մաեստրոն։

Ջանլուկա Մարչիանոն այն 4 դիրիժորներից մեկն է, ովքեր 2015թ. ապրիլի 24-ին ղեկավարել են «24/04» համաշխարհային նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող համերգը։ Լրագրողների հերցին՝ չի՞ անհանգստանում արդյոք խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ, հրավերներ չստանալ այդ երկրից, դիրիժորն ընդգծում է, որ ինքը կմտահոգվեր, եթե ֆինանսական հարցերն ու կարիերան դասեր ավելի վեր, քան մարդկային հարաբերություններն ու գեղարվեստական արժեքները. «Քանի որ ես նման դիրքորոշում չունեմ, չեմ վախեցել ելույթ ունենալ Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող համերգին, լինելու եմ նաեւ Ղարաբաղում: Եթե որեւէ երկիր ինձ հետ խնդիր ունի, քանի որ ես՝ որպես արտիստ, կողմ եմ խաղաղությանը, ապա դա տվյալ պետության խնդիրն է եւ ոչ թե իմ»։

Ջանլուկա Մարչիանոն նշեց նաեւ, որ նոյեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է գալու Երեւանում՝ ներկայացնելով Մալերի 1-ին սիմֆոնիան։ Նա նաեւ նկատում է, որ ծանոթ է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին եւ ներկայացրել է դրանցից մի քանիսը։ «Երազանքս է կատարել Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան։ Իմ պլաններում է կատարել հայ կոմպոզիտորների գործերը ոչ միայն Հայաստանում, այլեւ դրսում»,- ասաց Ջանլուկա Մարչիանոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ