News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կուրթան գյուղում 16-ամյա տղան նախնական տեղեկություններով սպանվել է իր ազգականի կողմից: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 28-ին, դանակահարված վիճակում Ստեփանավանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ Վարդան Գևորգյանը, որը, ցավոք, հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Դեպքից անմիջապես հետո գյուղ են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներ, վարչության պետի գլխավորությամբ, քրեական հետախույզներ ու քննչական խումբը:

Դեպքից ժամեր անց արդեն սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է սպանվածի համագյուղացին ու ազգականը:

Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել գյուղի տաղավարում, կենցաղային անլուրջ հարցերի շուրջ: Կասկածյալն ու սպանվողը վիճաբանել են, քաշքշել իրար, հետո վեճին խառնվել են երկու կողմերի եղբայրները, սակայն ինչ-որ անիմաստ պատճառով տեղի է ունեցել ողբերգությունը: Ի դեպ, սպանության մեջ կասկածվողը 22 տարեկան է՝ Սեյրան անունով, սպանվածի հետ բարեկամական կապի մեջ են: Գյուղացիները կատարվածից ցնցված են, ասում են՝ սպանված տղան ֆուտբոլ էր պարապում, ընտանիքում 4 երեխա են, ինքը տան փոքրն էր:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի (Սպանություն) առաջին մասի հատկանիշներով: Սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հնարավոր վրեժխնդրությունից խուսափելու համար ողջ գիշեր գյուղում ուժեղացված ծառայություն է իրականացվել ոստիկանների կողմից, քանի որ չի բացառվում, որ սպանված տղայի հարազատները կդիմեն ծայրահեղ քայլերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ