Հայ ժողովուրդը կարող է հանգիստ լինել. մեր բանակը փայլուն է կատարում իր առջեւ դրված բոլոր խնդիրները։ Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ իրականում ադրբեջանական կողմի կրակոցները երբեմն շատանում են, երբեմն՝ պակասում։ «Վերջին ժամանակներս կրակում են ե՛ւ Հայաստանի հետ սահմանին ե՛ւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծին։ Իհարկե մենք ապահովել ենք առաջնամասում բոլոր միջոցառումները եւ անհրաժեշտ կանխիչ միջոցներ ենք ձեռնարկել։ Եղել են նաեւ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման մի քանի փորձ, որոնք բարեհաջող կանխվել են Հայաստանի Զինված ուժերի կողմից»,- նշել է Սեյրան Օհանյանը։
Իրավիճակը, ինչպես հավաստիացրեց նախարարը, վերահսկողության տակ է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի հետ շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը հետախուզական –դիվերսիոն ներխուժման հերթական փորնձն էր նախաձեռնել: ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ժամանակին նկատել են Ադրբեջանի Զինված ուժերի 20-25 հատուկ նշանակության ջոկատայինների խմբի առաջխաղացումը ու նրանց վնասներ պատճառելով ՝ հետ են մղել մինչեւ ելման դիրքեր: Մարտերի ընթացքում ԼՂՀ Զինված ուժերը կորուստ չեն կրել: