News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8–ամյա Գոռն ու 9–ամյա էրիկը արդեն  երրորդ տարին  ամեն օր Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից Երևանի թիվ 100  հիմնական դպրոց են գալիս ծնողների ուղեկցությամբ։

Երեխաների մայրը` Եպրաքսյան, չի զլանում, համբերատար սպասում է, մինչեւ դասերն ավարտվեն, նրան ուժ է տալիս դրական տեղաշարժը, որ նկատել է երեխաների մոտ, հատկապես նրանց հոգեվիճակի բարելավումը, ինչը մայրը բացատրում է խնդիրներ չունեցող երեխաների հետ շփումներով։

Հենաշարժողական խնդիրներ ունեցող Էրիկը եւ մտավոր խնդիրներ ունեցող Գոռը կողք–կողքի նույն աշակերտական սեղանին դասի են նստում իրենց հասակակիցների հետ, սովորում նույն դասագրքերով, մասնակցում դպրոցի միջոցառումներին` յուրաքանչյուրը իր կարողությունների չափով։

Թիվ 100 հիմնական դպրոցում Էրիկի եւ Գոռի նման մոտ 80 երեխա է սովորում։ Ներառական ուսուցման շնորհիվ երեխաներն ավելի շփվող են դարձել, խնդիրներ չունեցող երեխաներն էլ սովորել են նրանց հավասարի պես վերաբերվել։

Հենաշարժողական խնդիրներ ունեցող 6-ամյա Ալինան այսօր առաջին անգամ գնացել է դպրոց։ Դպրոցում այսօր նրան հատուկ ընդունելություն էր սպասում, իսկ դասասենյակում` հատուկ նրա համար պատվիրված աթոռը, որպեսզի նա հարմար նստի ու ոչինչ չշեղի դասերից։ Ալինան ծնողներին և իր առաջին ուսուցչուհուն խոստացավ լավ սովորել և դառնալ օրինակելի աշակերտուհի։ Նրան այդ հարցում կօգնեն դպրոցում աշխատող հատուկ պատրաստություն անցած մանկավարժները, հոգեբանները, լոգոպեդները։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երևանի  թիվ 100 հիմնական դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը ասաց, որ 2001թ. «Հույսի կամուրջ» կազմակերպության օգնությամբ ներառական կրթության համակարգը ներդնելուց հետո իրենց դպրոցը լուրջ հաջողություններ է գրանցել հատուկ կարիքներ ունեցող երեխաներին հասարակությանն ինտեգրելու հարցում։

«2001թ. մենք ընդունեցինք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող առաջին երեք երեխաներին, բայց տարիների ընթացքում նրանց թիվն ավելացավ։ Այսօր դպրոցում կա խնդիրներով շուրջ 80 երեխա»,- ասաց տնօրենը՝  նշելով, որ իրենց դպրոց երեխաներ են գալիս ոչ միայն Երևանից, այլեւ հարակից մարզերից։

Լուսանկարները` Բագրատ Թովմասյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ