News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի Շուշի քաղաքում սեպտեմբերի 2-ին կայանալու է Հայկական պետական ագրարային համալսարանի արցախյան մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Նրա խոսքով, Հայկական պետական ագրարային համալսարանի մասնաճյուղն Արցախում հսկայական համալիր կլինի:

«Դա մեծ իրադարձություն է Լեռնային Ղարաբաղի կրթական ոլորտում, ինչպես նաեւ Շուշի քաղաքի զարգացման համար»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, վաղ առավոտյան Հայաստանի եւ Արցախի ղեկավարների մասնակցությամբ Ստեփանակերտում հիշատակի քայլերթ կանցկացվի: «Նրանք ծաղիկներ կխոնարհեն ազատամարտիկների, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին: Եվ, իհարկե, տոնական համերգ կկայանա, կբացվի «Թումո» կենտրոնը»,- հավելեց Բաբայանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի եւ Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների համատեղ նիստի ժամանակ: Այդպիսով, իրացվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման արդար իրավունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ