News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը պետք է համակերպվի տնտեսական աճի ավելի ցածր տեմպերի անցման հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հյուսիս-Արեւմտյան համալսարանի Քելոգի մենեջմենթի դպրոցի (ԱՄՆ, Իլինոյս նահանգ) փորձագետ Բենջամին Ֆ. Ջոնսը:

Մեկնաբանելով Չինաստանի Ժողովրդական բանկի կողմից ֆինանսական դրույքաչափերի նվազումը, նա նշեց, որ այդ քայլը կարող է տեղական տնտեսությունը խթանել կարճաժամկետ կտրվածքով, բայց ընդհանուր առմամբ Չինաստանը պետք է համակերպվի ՀՆԱ-ի աճի ցածր տեմպերի հետ:

Նշենք, որ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, վերջին տարիներին Չինաստանի ՀՆԱ-ի աճը դանդաղել է՝ չնայած շարունակում է բարձր մնալ (2010 թվականին՝ 10.6%, 2014-ին՝ 7.4%):

Հիշեցնենք, որ 2015 թվականի օգոստոսի 25-ին Չինաստանի Ժողովրդական բանկը վերջին 2 ամսվա ընթացքում երկրորդ անգամ նվազեցրեց դեպոզիտների եւ վարկերի առանցքային դրույքաչափերը, ինչպես նաեւ բանկերի պահուստային նորմատիվները:

«Աճի ավելի ցածր տեմպերի բախվելը նշանակում է տնտեսական քաղաքականության ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել եւ հրաժարվել տնտեսության արդյունավետությունն արգելակող ներդրողների խմբերին տրամադրվող ավելորդ աջակցությունից»,- նշեց ամերիկացի փորձագետը:

Նշենք, որ վերջին տարիներին Չինաստանում պահանջարկը շարունակում է մնալ Հայաստանի լեռնամետալուրգիական արտահանումից ստացվող եկամուտները որոշող կարեւորագույն գործոններից մեկը:

Չինաստանում դրույքաչափերի նվազեցման մասին հայտարարություններից հետո մետաղի բորսային գներն աճ արձանագրեցին՝ Չինաստանում տնտեսական ակտիվության վերականգնման հույսերի ֆոնին: Սակայն չինական PMI ինդեքսի (արդյունաբերական հատվածում գործարար ակտիվության ինդեքս) հրապարակումից հետո աճը կանգ առավ: Օգոստոսին այն նվազեց՝ հասնելով 49.7-ի (ի տարբերություն հուլիսի 50.0-ի):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ