News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


13-ամյա Մարիամ Մելքոնյանն առավոտյան վեր է կենում ու ընտանիքի ավագ քույրերին օգնում տնային գործերում: Մարիամը դրա փոխարեն հաճույքով դպրոց կգնար: (ֆոտոռեպորտաժ)

«Սեպտեմբերի 1-ին անհամբեր սպասում էինք, բայց վերջին օրն իմացանք, որ չենք գնում ու շատ տխրեցինք: Հեռուստացույցով ցույց էին տալիս, որ մարդիկ շոր էին առնում, մենք էլ հարցրինք՝ պապ, բա մենք շոր չե՞նք առնում, ասեց՝ փող չկա»,- NEWS.am-ին պատմում է աղջիկը:

Այգավանում ապրող բազմանդամ ընտանիքում Մարիամը միակը չէ, որ սեպտեմբերի 1-ը տանն է անցկացրել: Մելքոնյանների  դպրոցահասակ 6 զավակներից ամենաշատը, սակայն, դրանից տխրել է 6-ամյա Ամալյան. սա նրա առաջին սեպտեմբերի 1-ն էր: Քրոջը մխիթարում է 8-ամյա Սառան, որն այս հարցում արդեն մեկ տարվա փորձ ունի:

«Անցած տարի էլ սեպտեմբերի 1-ին չեմ գնացել, երեկ ու այսօր էլ չեմ գնացել դպրոց: Շոր չունեմ, կոշիկ չունեմ, դրա համար չեմ գնացել, բայց շատ եմ ուզում»,- ասում է նա:

Դպրոցական տարիքի մյուս երկու քույրն ու եղբայրը, որոնք մի քանի տարի ավելի մեծ են, փորձում են փոքրերի մոտ ցույց չտալ, որ տխրում են։ Նախորդ տարիներից մնացած հին շորերը մաքրել, պատրաստել են, որ հենց պակաս–պռատը լրացնեն, մյուս օրն ընկերների հետ դպրոց գնան։

Բազմազավակ հայրն  ու մայրը, որ բացի դպրոցահասակ 6 երեխաներից եւս 7 զավակ ունեն, դեսից–դենից 60,000 դրամ են ճարել, մնում է` հասկանալ, թե այդ գումարն ինչպես ծախսեն, որ բոլորին էլ կարողանան դպրոց ճանապարհել։

«60 հազար դրամ վաղը կլինի, տեսնենք՝ ինչ կարող ենք անել: Բայց դե մի երեխա չի, երկու չի, 6 երեխա է: Մի կոշիկը մենակ 6 հազարից պակաս չի: 50-60 հազարը մենակ մի երեխուն է գնում: Մենք 6 երեխուն ոտքից գլուխ պետք է առնենք, հագցնենք»,- ասում է երեխաների մայրը՝ տիկին Անժելան:

Ծնողների հույսը բանակում ծառայող որդին է, անհամբեր սպասում են վերադառնա, որ հորը թիկունք լինի, կարողանան ոտքի կանգնել։ Ափսոսում են միայն, որ ուսումը չի կարողանա շարունակել, թեեւ փոքրուց դրա մասին երազել է։

«Ֆինանսների պատճառով երեխաները 9-րդ դասարանից դուրս են գալիս: Որդիս միակն է, որ մինչեւ 12-րդ դասարան գնացել է, որոշել էր ծառայությունից վերադառնալուց հետո սովորել, պատմության դասատու դառնալ, բայց հիմա ասում է՝ գամ, աշխատեմ, ընտանիքի հոգսերը հոգամ»,- ասում է մայրը:

Իրենց երազանքներից այլեւս չեն խոսում նաեւ Մելքոնյանների ավագ դուստրերը: 18-ամյա Բավականը մորն օգնում է հոգ տանել կրտսեր եղբայրների ու քույրերի մասին, որոնցից ամենակրտսերը 6 ամսական Աննան է։

Ընտանիքի հայրը` երրորդ կարգի հաշմանդամ Մարտիկը, հողագործությամբ է զբաղվում, որից ստացած եկամուտը չի բավականացնում: Ընտանիքն ապրում է բարի մարդկանց օգնությամբ եւ պետական նպաստով:

Մեծ ընտանիքը, սակայն, միայն մեծ հոգսեր չէ, առաջին հերթին` մեծ հարստություն, ասում է Մարտիկը։ 13 երեխաների հայրը դա զգում է ամեն անգամ, երբ ամբողջ ընտանիքը հավաքվում է ճաշի սեղանի շուրջ։ Մեծ ընտանիքն իր առավելություններն ունի` մեծերն օգնում են փոքրերին, տնային գործերում «ձեռք գցում»։

Տարիների ընթացքում ծախսերը կրճատելու ձեւեր են գտել. հացը տանն են թխում, իրար օգնելով հողամասը մշակում, փոքրերը մեծերի շորերն են հագնում։ Անհարմարություններ են ստեղծում միայն լոգարանի առջեւ գոյացող հերթերը, բայց հենց այսպիսի իրավիճակներում եմ ստեղծվում ընտանեկան հումորները, որոնք կարճ ժամանակով մոռացնել են տալիս շոր ու կոշիկի հոգսերը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ