News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում արատգնա հանդիպում կանցկացվի Սերբիայի հավաքականի հետ: Սա կլինի հայկական թիմի առաջին խաղը նրա անփոխարինելի դարպասապահի, ավագ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցել է Ռոման Բերեզովսկու հետ՝ իր զգացողությունների, առաջիկա ծրագրերի, կարիերայում ամենից հիշվող պահերի եւ այլ թեմաների մասին:

Ռոման, գրեթե 20 տարի հանդես եք եկել Հայաստանի ազգային հավաքականում եւ այսօր առաջին անգամ դիտելու եք խաղը ոչ ֆուտբոլիստի կարգավիճակով: Ի՞նչ զգացողություններ ունեք:

Զգացողություններս նոստալգիկ են, բայց միեւնույն ժամանակ կարծում եմ, որ պետք է առաջ նայել լավատեսությամբ, հավատալ, որ հաջողությունը կգա, անկախ այն բանից, թե ով է խաղում թիմում: Հուսամ՝ տղաները ցույց կտան՝ ինչի են ընդունակ:

Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

Այնպես ստացվեց, որ կարիերաս ավարտելուց անմիջապես հետո ես անցա մարզչական գործունեության: Սկզբում մարզում էի դարպասապահներին «Դինամոյի» երիտասարադական թիմում: Նրանց հետ մեկնում էի հավաքների, իսկ նոր մարզչի՝ Անդրեյ Կոբելեւի գալու հետ տեղափոխվեցի հիմնական թիմ: Հուլիսի կեսերից ես «Դինամոյի» հիմնական թիմի դարպասապահների մարզիչն եմ:

Դուք ստացե՞լ եք մարզչական արտոնագիր:

Այո, անմիջապես ես ընդունվեցի մարզիչների դպրոց: Այժմ աշխատելուն զուգահեռ սովորում եմ: Այսպես կլինի մեկ տարի:

Ձեր նախկին խաղընկերը ազգային հավաքականում ՝ Արթուր Պետրոսյանը անցյալ տարի «Ցյուրիխում» մարզելուն զուգահեռ աշխատում էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականում: Հնարավոր է՝ Ձեզ մոտ էլ ստացվի համատեղելը:

Անկեղծ ասաց, նման խոսակցություններ չեն եղել: Բայց եթե լինեն, կարծում եմ կարելի է քննարկել:  Հուսամ՝ թիմում դեմ չեն լինի: Դա կբարձրացնի նաեւ թիմի մակարդակը: Անգամ եթե մարզիչն է աշխատում այնպիսի բարձր մակարդակի վրա, ինչպիսին հավաքականն է: Կարծում եմ՝ «Դինամոյի»  համար դա շատ հարգի կլինի: Իմ ժամանակավոր բացակայություններն այնտեղ խնդիր չեն լինի: Եթե իմ օգնության կարիքը լինի, ես մեծ սիրով թիմի հետ կլինեմ բոլոր խաղերին:

Պորտուգալիայի հետ պարտությունից հետո շատ էր խոսվում, որ Դուք կավարտեք կարիերան, բայց հավաքականը դեռ չորս խաղ ունի անցկացնելու: Եթե «Դինամոյից» առաջարկը չլիներ, Դուք կմնայի՞ք թիմում մինչ ընտրական փուլի ավարտը:

Հավաքականը դեռ ունի խմբից դուրս գալու փոքր, տեսական հնարավորություններ: Առաջ ես այդքան ուժեղ չէի զգում, որ ժամանակն աշխատում է իմ դեմ որպես ֆուտբոլիստի: Եվ ապրածս ամեն ամիսը, չնայած իմ կատարած մեծ աշխատանքի, ինձ ավելի հետ էր գցում՝ համեմատած իմ ավելի երիտասարդ թիմակիցների:

Կոնկրետ ե՞րբ զգացիք, որ պետք է հեռանաք:

Ես մեծ հույսեր էի կապում Պորտուգալիայի խաղի հետ: Եթե մենք հաղթեինք, խմբից դուրս գալու լավ հնարավորություններ կպահպանեինք: Եթե այն ժամանակ կարողանայի պահպանել մարզավիճակս, գուցե եւ մնայի: Բայց այդ ժամանակ լրանում էր պայմանագրիս ժամկետը «Դինամոյի» հետ: Ինձ թիմի նախկին ղեկավարությունը  առաջարկեց աշխատանք եւ ես այն ընդունեցի:

Այն ժամանակ մամուլում խոսվում էր, որ հնարավոր է Դուք հանդես գաք երեւանյան «Փյունիկում», որպեսզի  պահպանեք ֆիզիկական մարզավիճակը: Այդպիսի ծրագրեր կայի՞ն:

Խոսակցություններ կային, բայց, կշեռքին դնելով բոլոր կողմերն ու դեմերը, ես հասկացա, որ կարելի է ձգել մի քիչ էլ, բայց ես չգիտեի, թե հետո ինչպես կլինի: Գուցե ավելի վատ լիներ: Ինչպես արդեն ասացի՝ ժամանակն իմ դեմ էր խաղում: Ես կարող էի երկու- երեք ամիս էլ խաղալ, բայց դժվար թե դառնայի ավելի լավը, քան կայի:

Երբ Սարգիս Հովսեփյանն ավարտեց կարիերան, բոլորին պարզ էր, որ նոր ավագը Դուք եք լինելու: Ինչ եք կարծում ՝ ո՞վ է լինելու հավաքականի հաջորդ ավագը:

Կարծում եմ՝  կա երեք թեկնածու, ովքեր ունեն առաջնորդի հատկանիշներ՝ Ռոբերտ Արզումանյանը՝ նա արդեն բավական փորձառու է, Հենրիխ Մխիթարյանը՝ հիանալի ֆուտբոլ է ցուցադրում, նա Հովսեփյանի ժամանակից էլ ցույց է տալիս առաջնորդի որակներ, եւ Յուրա Մովսիսյանը, որը կրկին սկսել է գոլեր խփել եւ լավ մարզավիճակ հավաքել: Մարզիչը կորոշի, թե ով կլինի ավագ:

Արդեն պա՞րզ է՝ կկազմակերպվի Ձեր հրաժեշտի խաղը:

Անկեղծ ասած, չեմ մտածել: Ես կժամանեմ Երեւան Դանիայի հետ խաղին: Այդ մասին կխոսենք:

Այսօր Հայաստանի հավաքականը խաղում է Սերբիայի հետ: Այս թիմերի երեւանյան հանդիպումը լավագույն էր մեր թիմի համար այս ընտրական փուլում: Ի՞նչ եք սպասում խաղից:

Ֆուտբոլիստների համար դժվար է լինելու խաղալ դատարկ տրիբունաների ներքո: Հուսամ՝ դա մեր թիմի օգտին կխոսի: Բոլորը գիտեն, թե ինչպիսի երկրպագուներ են սերբերը: Այդ աջակցությունը միշտ օգնում է Սերբիայի հավաքականին: Հուսամ՝ մեր տղաները լավ ֆուտբոլ ցույց կտան: Հաջողություն եմ մաղթում նրանց:

Ինչո՞ւ տանուլ տվեցինք այս մրցափուլը:

Հիմնական պատճառը ՝ առաջատար ֆուտբոլիստների վնասվածքներն էին: Եկավ նոր մարզիչ, ով մեծ ոգեւորությամբ մոտեցավ իր գործին: Գուցե այդ հարցում մի քիչ չափն անցավ, երբ երկարատեւ հավաք անցկացրինք, որտեղ վնասվածք ստացավ Արաս Օզբիլիզը, հետո էլ Յուրան էր երկար բուժվում: Նա ցանկանում էր արագ արդյունքի հասնել, բայց գուցե արժեր ավելի լավ ծանոթանալ թիմին, տղաների հնարավորություններին: Գուցե այդպես հնարավոր լիներ խուսափել վնասվածքներից: Ստացվեց, որ մենք մեկ խաղ չունեցանք մեր հիմնական օպտիմալ կազմով: Այո, կային նաեւ հաջող պահեր: Օրինակ՝ Սերբիայի հետ խաղը: Բայց հիմնականում խաղերն ընթանում էին նույն սցենարով: Մենք վատ չէինք սկսում, առաջինն էինք բացում խաղի հաշիվը: Իսկ հետո սկսվում էին վնասվածքները: Գուցե դա ֆիզիկական պատրաստվածության հարցն է: Գուցե պետք էր ավելի շատ ժամանակ տրամադրել դրան:

Ինչպե՞ս եք գնահատում աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքները:

Կարծում եմ՝ մենք լավ հնարավորություններ ունենք՝ հատկապես, երբ առաջնությունը անցկացվելու է Ռուսաստանում: Ես կարիերաս ավարտել եմ որպես ֆուտբոլիստ, բայց հավատում եմ եւ հույս ունեմ, որ Հաայստանն ի զորու է խմբում գրավել առնվազն երկրորդ տեղը:

Եվ վերջում չեմ կարող չտալ այս հարցը՝ Ձեր կարիերայի ամենահիշվող, պահը Հայաստանի ազգային հավաքականում:

Ամենից հիշվող պահը 2007-ին էր, երբ թիմը մարզում էր Յան Պորտերֆիլդը, ում հետ հավաքականը ծաղկում ապրեց: Ցավոք, այդ ժամանակ ես քիչ էի խաղում հավաքականում: Հիշում եմ, երբ նա արդեն շատ ծանր հիվանդ էր, եկավ Հայաստան՝ իմանալով որ իրեն մնացել է ապրել հաշված օրեր, գուցե մեկ շաբաթ: Այդ վիճակով նա եկել էր եւ աջակցում էր թիմին:

Վերա Մարտիրոսյան Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ