News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Դավթաշենն ու ֆրանսիական Անտոնին այսուհետ քույրեր են: Դավթաշեն-Անտոնի համագործակցության ծրագրի շրջանակում Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի հրավերով Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-13-ն այցելել է Ֆրանսիայի Անտոնի քաղաք:

Դեռեւս փետրվարի 5-ին Անտոնիի քաղաքային խորհուրդը քվեարկել էր Դավթաշեն-Անտոնի բարեկամության օգտին, ինչին հաջորդել էր քաղաքապետի հրավերը:

Պատվիրակության անդամները հանդիպել են Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի հետ եւ պաշտոնատար այլ անձանց հետ, քննարկել են համագործակցության ծրագրի մանրամասներն ու առաջիկա անելիքները:

Անտոնիում կայացել է «Գինու եւ պանրի» 29-րդ փառատոնը, որին ներկայացված էր նաեւ հայկական ապրանքանիշը: Դավթաշենի պատվիրակները եւս ներկա են գտնվել: Փառատոնի բացումը մեկնարկել է համաձայնագրի ստորագրմամբ: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ու Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը ստորագրել են Դավթաշեն վարչական շրջանի եւ Անտոնի քաղաքի քույրացման արձանագրություն: Արձանագրության ստորագրման արարողությանը ներկա էր նաեւ մեր հայրենակից, Անտոնիի նախկին քաղաքապետ, Օ-դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Պատրիկ Դեւեջյանը, Ժան-Իվ Սենանը, Ռուսլան Բաղդասարյանը եւ այլք: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը ողջույնի խոսք է փոխանցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, այնուհետեւ շնորհակալություն հայտնել Անտոնիի հայկական միությանը, քաղաքապետին եւ մեր հայրենակից Պատրիկ Դեւեջյանին բարեկամության առաջարկի եւ գեղեցիկ նախաձեռնության համար. «Լիահույս եմ, որ համագործակցությունը կտա իր պտուղները, եւ մեր բարեկամությունը կհաջողվի: Առաջիկայում սիրով կսպասենք ձեզ մեր քաղաքամայր Երեւանում»:

Ելույթներին հաջորդել է նվերների փոխանակումը:

Արարողությունից հետո հյուրերի պատվին տրվել է պաշտոնական ճաշ։ Այցի ընթացքում դավիթաշենցի պատվիրակները այցելել են քանդակագործ Թորոս Ռաստկլանի հեղինակած «Հայաստանի արծիվը» հուշարձան` Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ