Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ հեպատիտ C-ով վարակվելու գործով մեղադրյալներից երկուսը շարունակում են աշխատել ԲԿ-ում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲԿ-ի ներկայիս տնօրեն Հովիկ Դավթյանը՝ նշելով, որ մինչեւ դատարանով նրանց մեղքը չապացուցվի, իրենք չեն կարող աշխատանքից հեռացվել:
«Մեզ մոտ աշխատում են փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը եւ գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանը: Մյուս 3-ն իրենց սեփական դիմումի համաձայն հեռացվել են աշխատանքից: 10 օրից գործը կգնա դատարան, վճիռը կկայացվի, այդ ժամանակ մյուս երկուսի հարցն էլ կքննարկվի»,- ասաց տնօրենը:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդված 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Վարդան Ավագյանին, փոխտնօրեն Վիրաբ Մանասյանին, գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանին, ավագ բուժքույր Նորա Կարապետյանին, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանին: Նրանց բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հովիկ Դավթյանի խոսքով՝ իրենց բժշկական կենտրոնը շարունակում է վիրահատություններ կատարել: Մեր հարցին՝ իսկապես մարդիկ վստահում են հիվանդանոցից, տնօրենը պատասխանեց. «Վերջին երկու ամսվա ընթացքում արդեն 34 վիրահատություն է կատարվել: Առողջապահության նախարարությունն ու Քննչական կոմիտեն մեր առջեւ պայմաններ են դրել, որոնք կատարում են»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. հունվարի 17-ին տեղեկություն էր ստացվել, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացիների մոտ նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո ախտորոշվել է «հեպատիտ c» հիվանդություն:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Պարզվել էր, որ այս ընթացքում ընդհանուր անզգայացմամբ իրականացված վիրահատությունների ժամանակ միանգամյա օգտագործման համար նախատեսված ներշնչափողային խողովակները, արտածծիչ սարքի խողովակը եւ ծայրադիրներն օգտագործվել են բազմակի, նշված բժշկական գործիքները եւ ընդհանուր անզգայացման ժամանակ օգտագործված «լարինգոսկոպն» ախտահանվել են ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամանների պահանջների խախտումներով: Արձանագրվել են նաեւ սանիտարահամաճարակային ոլորտի այլ խախտումներ: