News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լիբանանից 60-ամյա Արամը երկար տարիներ Մարսելում բար ունի, ուր հավաքվում են քաղաքի հայերը: Նա ծնվել է ո՛չ պատմական Հայաստանում, բայց հարկ է միայն հիշել կոտորված մարդկանց ու կործանված եկեղեցիների մասին, եւ զայրույթն ու ցավը գլուխ են բարձրացնում: Նրա եւ Մարսելի հայերի մասին է իտալական Q Code ամսագրում հրապարակված հոդվածը:

«Մարսելում ափ դուրս եկած բազմաթիվ միգրանտների՝ իտալացիների, կորսիկացիների, հյուսիսաֆրիկացիների, վիետնամցիների նման, հայերի համար էլ այս հնագույն նավահանգիստը նոր կյանքի սկիզբ է դարձել, նոր ուղու առաջին կայան: Բազմաթիվ հայեր հենց այստեղ էլ մնացել են: 1930-ականների սկզբին նրանց թիվը շուրջ 20 հազար էր կամ քաղաքի օտարերկրյա բնակչության 10%-ը:

Սակայն Մարսելում հայ համայնքի համար կյանքի առաջին տարիները դյուրին չէին: Առանց կարողության եւ լեզվի իմացության՝ նրանք հայտնվում են քաղաքի տարբեր շրջաններում տեղակայված լեփ-լեցուն ճամբարներ, իսկ հետո՝ գործարանային թաղամասերի համեստ բնակարաններ: Նրանցից շատերը հենց գործարաններում էլ աշխատանքի են անցնում: Հայերը կրկին բախվում են աղքատության եւ օտարության խնդիրներին, ինչի մասին Անրի Վեռնոյը, նույն ինքը՝ Աշոտ Մալաքյանը, պատմում է Ղյու Պաղադի, 588 ֆիլմում:

Բայց հայրենիքի հետ անքակտելի կապերը մնում են: Եվ Մարսելի հայերը սկսում են վերականգնել կտրված կապերի շղթաները: 1919 թվականին Կոստանդնուպոլսից Մարսել է փոխադրվում հայկական դպրոցը: Բայց հայերը հիմնականում հավաքվում էին հայկական 7 եկեղեցիներում, որտեղ չէին լռում լեզուն, երգերը, ծիսակարգերն ու եկեղեցական տոները:

1931 թվականին Ավենյու Պրադոյում կառուցվում է մայր տաճարը: Եվ զարմանալի չէ. եկեղեցին միշտ ամուր կապ է հանդիսացել հայրենիքից հեռու հայտնված հայերի համար:

Այն, որ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը կենդանի է, զգացվում է անմիջապես: Ցուցանակներ եւ պաստառներ պետական հաստատությունների վրա, համաժողովներ, կլոր սեղաններ եւ ցուցահանդեսներ, որոնցից մեկը՝ բացված Մարսելի Պատմության թանգարանում, ներկայացնում է 100 փախստականի լուսանկար, որոնք 1922-26 թվականներին հայտնվել են Մարսելի նավահանգստում:

Քաղաքում բազմաթիվ են նաեւ «յան»-ով ազգանունները: Հայկական ամենուր է: Բայց ես ուզում եմ զրուցել ու ցանկանում եմ գնալ այնտեղ, որտեղ շատ հայեր կան:

Ինչի՞ց սկսել, եթե ոչ եկեղեցուց: Ցանկանում եմ սկսել Ղյու Սիբիի կաթոլիկ եկեղեցուց, բայց այնտեղ հասնելու երկու փորձից, տեղացիների օգնությանը դիմելուց հետո կրկին հայտնվում եմ այնտեղ, որտեղից շարժվել էի:

Երբ երեկոյան արկածներս եմ պատմում Մարսելում բնակվող միլանցի Կլաուդիոյին, նա նշում է, թե որտեղ կարող եմ հայերի գտնել, նաեւ առաջարկում իմ ուղեկցորդն ու թարգմանիչը լինել:

Հաջորդ օրը՝ իմ ճամփորդության վերջին օրը, մենք հայտնվեցինք բարում: Ավելի հստակ՝ հայերի բարում:

Ներսում կարծես դեպի անցյալ պատուհան է բացված: Գուցե՝ 1940-ականներ: Թույլ լույս, գունաթափ պատեր: Բայց դա դիզայն չէ: Հայերին կապող Արարատ լեռն ու դռան վրայի խաչելությունը ցույց են տալիս. այցելուներից եկամուտ ստանալն այստեղ երկրորդական է, յուրայինների համար հավաքատեղին՝ առաջնային:

Հնչեղ «ռ»-ից ու բաղաձայններից հասկանում ես. այստեղ գրեթե բոլորը հայեր են: Առաջին գավաթ պաստիսից հետո ծանոթանում ենք տիրոջ հետ. շուրջ 60 տարեկան լիբանանահայ է, Արամ անունով:

Երկրորդ գավաթը, գուցե նաեւ՝ երրորդ... Արամը ցույց է տալիս Արարատն ու ասում, որ ամենօրյա կապ է պահում ե՛ւ Բեյրութի, ե՛ւ այժմյան Հայաստանի հայրենակիցների հետ, բայց Մարսելում կյանքից, իր իսկ խոսքով, միանգամայն գոհ է: Մյուս կողմից, ընդգծում է, ցանկացած երկրում հայերը ձգտել են հարմարվել եւ ինտեգրվել: Իսկ պատճառն այն է, որ հայերի արժեհամակարգում առաջին տեղերից մեկում աշխատանքն ու օրենքը հարգելն է:

Արամը շատ լավ գիտի, որ թուրքական կառավարության քաղաքականությունը չի համընկնում նրա հետ, ինչ մտածում են շարքային մարդիկ: Ցույց է տալիս լուսանկարը. ահա 100 հազար թուրքեր Հրանտ Դինքի հուղարկավորությանը: Ասում է՝ հայերի պայքարը չի ավարտվի, մինչեւ Թուրքիան չճանաչի հանցագործությունը:

Ցեղասպանության ճանաչումն միակ ցավը չէ: Արամը դառնությամբ է պատմում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Երեկ այն կործանվեց օսմանցիների կողմից, իսկ այսօր այն բախտի քմահաճույքին է թողել Թուրքիայի կառավարությունը:

Անհավատալի է, թե ինչ ուժ կարող է ունենալ հիշողությունն ու հայրենի եզերքի հանդեպ ձգտումը, եթե անգամ հայը, Արամի պես, ծնվել է պատմական Հայաստանից շատ հեռու:

Նրան պատմում եմ, որ փաստագրական ֆիլմ եմ տեսել հայկական տաճարների մասին, որոնք քուրդ հովիվներն ախոռի են վերածել: Այստեղ Արամը նորից է զայրանում. քրդերին չի կարող ներել, որ ժամանակին շահադիտական նպատակներով օգնեցին թուրքերին:

Հետո հերթն ադրբեջանցիներինն է, որոնց հետ հարաբերությունները չափազանց լարված են: Իսկ հետո անցնում է վրացիներին, որոնց հետ հայերը բացահայտ կոնֆլիկտներ չունեն, բայց հաստատ չես ասի, որ երկու ժողովուրդները սիրում են միմյանց: Ավելի շուտ՝ հակառակը: Եվ Արամը նույնպես բացառություն չէ:

Վերջում սկսում եմ կարծել, որ Արամը երրորդ հազարամյակի հայ է, միջմշակութային հաղորդակցության կողմնակից չէ:

Իհարկե, Արամի գաղափարները չափազանց սուր են: Նա ինձ բացահայտորեն ասում է, որ չի հավատում տարբեր մշակույթների խաղաղ գոյակցության հնարավորությանը: Բայց դրանք ելնում են մի ժողովրդի պատմությունից, որը քրիստոնեական կղզյակ է մնացել մահմեդականացած հողերում: Ամբողջ ուժով հայրենի արմատներից կառչելուց բացի, այստեղ ոչինչ չի մնացել անել:

Հետաքրքիր է, երիտթուրքերն այդպիսի՞ ապագայի հույս ունեին: Եվ ինչի՞ վրա է հույս դնում մեր կառավարությունը, երբ աչք է փակում բռնապետական ռեժիմների կողմից իրագործվող կոտորածների նկատմամբ:

Բայց արդեն ուշ է, եւ Արամը պետք է փակի բարը: Հատուկ մեզ համար նա մեկուկես ժամ ավելի երկար մնաց:

Հրաժեշտ ենք տալիս, միմյանց ձեռք ենք սեղմում, շնորհակալություն ենք հայտնում երեկոյի համար: Ափսոս, որ չլուսանկարվեցինք: Հայկական դրոշի ֆոնին հիասքանչ լուսանկար կստացվեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ