News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 10-ից 11-ը Երեւանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանկոֆոնիայում նախագահող Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի անունից հրավերներ են ուղարկվել Ֆրանկոֆոնիայի անդամ եւ դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների արտաքին գործերի նախարարներին:

 Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն անդամ երկրների եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային խնդիրները, միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցեր, որոնց վերաբերյալ կընդունվեն համապատասխան բանաձեւեր։

Համաժողովին հաջորդելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի պաշտոնական այցը Հայաստան:

Նախարարական հանդիպման շրջանակներում կազմակերպված է նաեւ հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ` հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը:

Հայաստան են ժամանելու Ֆրանսիայից եւ Հայիթիից երաժշտական խմբեր, որոնց կատարումները նախատեսվում են Երեւանում եւ Գյումրիում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամաերգային համալիրում, ուր կայանալու է նախարարական համաժողովը, նախատեսվում է Հայաստանի զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, մշակույթը ներկայացնող տաղավարների եւ հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսների կազմակերպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ