News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում կայացել է «Խաղաղապահության հիմնախնդիրներ-2015» միջազգային ֆորումը։ 2015թ. հոկտեմբերի 4-ին Հայաստանի ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նոր մասնաշենքում կայացել է «Խաղաղապահության հիմնախնդիրներ 2015» միջազգային ֆորումի անդամ երկրների հանձնաժողովի նիստը, որը նախորդել է հոկտեմբերի 5-ին Երեւանում մեկնարկած ամենամյա ֆորումին։ Հանձնաժողովը, որը ֆորումի ղեկավար մարմինն է, սահմանում է նրա գործունեության հիմնական առաջնայնությունները։ Հանձնաժողովի գործունեությունը համակարգում է միջազգային քարտուղարությունը, որի գրասենյակը գտնվում է Շվեդիայում։  Երեւանում Հանձնաժողովի նիստին մասնակցել են Հայաստանի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Կանադայի, Նորվեգիայի, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները։

«Խաղաղապահության հիմնախնդիրներ-2015» միջազգային ֆորումը  խաղաղապահության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որին անդամակցում է 22 պետություն, այդ թվում ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական 5 անդամները: Հաշվի առնելով խաղաղապահական գործողությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության մեծ ավանդը՝  ինչպես նաեւ 2014 թ. հուլիսին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ՀԱՊԿ-ի քարտուղարության եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի կողմից կազմակերպված «ՄԱԿ սկզբունքների եւ չափանիշների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղաղապահ ներուժի ինտեգրումը խաղաղության գործողությունների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի հաջող անցկացումը՝ «Խաղաղապահության հիմնախնդիրներ-2015» միջազգային ֆորումը որոշել է 2015թ. ամենամյա ֆորումը հրավիրել Հայաստանում:

Ֆորումի անցկացումը մեծ նշանակություն ունի հատկապես վերջին ժամանակներս աշխարհի տարբեր շրջաններում լարվածության աճի ֆոնին։ Ֆորումը Հայաստանում անցկացնելու կարեւորությունն ընդգծել է նաեւ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը 2015 թ. սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Միջազգային ամենամյա ֆորումի ժամանակ ողջույնի ուղերձներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի խաղաղապահության հարցերով օգնական Էդմոնդ Մուլեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ