News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասի մոտ 600 բնակիչներ բողոքում են, որ Երեւան հասնող երթուղայինը, չնայած պարտավոր է, սակայն իրենց թաղամասում կանգառ չի անում։

Բնակիչներից Գոհար Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երթուղայինի վարորդները հրաժարվում հասնել փախստականներով բնակեցած այդ թաղամաս՝ առանց որեւէ հստակ պատճառաբանության:

«Ասում են՝ յախք, էլի սրանք: Ուզում ենք նստենք, ասում են՝ դուռը մի բացի, չեմ հելնում Գետաշեն:  Կապ չունի՝ ժամը քանիսն ա, իջեցնում են Հայանիստի խաչմերուկում, ասում՝ ոտքով գնա»,- ասաց բնակչուհին:

Գետաշենի բնակիչները՝ այդ թվում դպրոցական երեխաներ, ոտքով ամեն օր երկու կիլոմետր ճանապարհ են անցնում՝ կանգառին հասնելու համար, կամ ստիպված են լինում հավելյալ գումար ծախսել ու գյուղի կենտրոն հասնել Մասիս- Էջմիածին տրանսպորտային գիծը սպասարկող երթուղայինով:

«Մասիս-Էջմիածին երթուղայինն ենք նստում, հասնում Հայանիստի խաչմերուկ, այնտեղից այդ 487 համարի երթուղայինն ենք նստում, որ մեզ մոտ չի գալիս, հասնում Արգավանդ: Արգավանդից էլ մի ուրիշ տրանսպորտ պիտի նստենք, որ մեր ուզած վայրը գնանք»,- նշեց Գոհար Սահակյանը:

Գետաշենցիները, նրանց հետ նաեւ Հայանիստի եւ հարակից գյուղերի բնակիչները 487 համարի երթուղայինի աշխատանքից դժգոհ  են նաեւ այլ պատճառներով: Հայանիստին եւ  հարակից մոտ 6 գյուղերին (Ջրառատ,  Հայկաշեն, Մեծամոր, Հովտաշատ, Ազատաշեն, Գեղանիստ) սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսով, ինչպես բնակիչներն են ասում, ռիսկային է երթեւեկելը:

«Հնամաշ «Գազելներ» են, ու այնքան մարդ է նստում՝ տեղ ու դադար չկա, անգամ կանգնել չի լինում դրանց մեջ:  Արդեն մի քանի տարի է՝ ուսանողական չի անցնում գյուղով: Դրանից եւ ուսանողներն են օգտվում, եւ աշխատանքի գնացողները: Ուսանողները մինչեւ հասնում են դասի, արդեն հոգնում են: Վերադառնալիս էլ մի քանի անգամ ավելի հոգնում են երթուղայինում խցկված վիճակից: Բացի այդ՝ 15 րոպեն մեկ պետք է շարժվի, բայց գրեթե միշտ ինչ-որ պատճառաբանությամբ ուշանում է»,- NEWS.am-ին  ասաց Հայանիստի  բնակիչներից Աննա Հարությունյանը:

Բնակիչներն իրենց բողոքները հայտնել են նաեւ նամակով՝ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությանը: Ի պատասխան իրենց նամակի` նրանց ասել են, որ 487 համարի երթուղայինի երթուղու մեջ մտնում է նաեւ Գետաշեն թաղամասը եւ վարորդներն իրավունք չունեն հրաժարվել երթեւեկել այնտեղ:

Տպել
Ամենաշատ