News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մադագասկարը հետաքրքրված է Հայաստանի հետ կրթական բնագավառում փոխգործակցության առումով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլան, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը ոչ միայն լավ առիթ է քննարկելու կազմակերպության եւ դրա անդամ երկրների առջեւ ծառացած խնդիրները եւ դրանց լուծման ուղիները, հաջորդ տարի Անտանանարիովոյում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, այլեւ` անդրադառնալու երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերին։

Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպման եւ ջերմ ընդունելության համար` նախարար Աթալլան կարեւորեց արտգործնախարարների երեւանյան հանդիպման անցկացումը՝ ընդգծելով, որ հենց Երեւանում է Մադագասկարը ստանձնելու Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի նախագահությունը։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի եւ Մադագասկարի միջեւ համագործակցության ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, առեւտրատնտեսական բնագավառում փոխգործակցության հաստատման շուրջ։ Այս առումով կարեւորվեց առաջիկա օրերին երկու երկրների միջեւ ստորագրվելիք փաստաթղթերը։

Նախարար Աթալլան, շնորհակալություն հայտնելով, որ Հայաստանում կրթություն են ստացել բազմաթիվ մադագասկարցի մասնագետներ, հետաքրքրություն հայտնեց Հայաստանի հետ կրթական բնագավառում փոխգործակցության առումով։

Գոհունակությամբ արձանագրելով, որ դեռ 1982թ. Երեւանի եւ Անտանանարիվույի միջեւ հաստատվել են բարեկամական հարաբերություններ, նախարարները պայմանավորվեցին երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցության վերագործարկման մասին։

Մադագասկարի արտգործնախարարը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում իր երկրի գալիք նախագահության առաջնահերթությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ