News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չլինելով ֆրանսախոս երկիր` Հայաստանը, միանալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, լուրջ հնարավորություն է ստացել խորացնելու մշակութային եւ առեւտրատնտեսական հարաբերությունները ֆրանսախոս երկրների հետ, ինչը հսկայական շուկա է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ֆրանսիական TV5 Monde միջազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իվ Բիգոն, որն այսօր` հոկտեմբերի 9–ին, Երեւան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

Իվ Բիգոյի խոսքով` պարտադիր չէ ֆրանսախոս լինել` Ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքին միանալու եւ դրա ընձեռած լայն հնարավորություններից օգտվելու համար։

«Վոլտերի եւ Ռուսոյի ժամանակ ֆրանսիացիների միայն 15 տոկոսն էին ֆրանսերեն խոսում, պարտադիր չէ ֆրանսախոս լինել ֆրանկոֆոնիայի ակումբի անդամ լինելու համար»,– ասաց նա։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելը, ըստ Իվ Բիգոյի, հրաշալի գաղափար է, որը նաեւ ակումբի անդամ երկրների ֆրանսախոս անդամներին հնարավորություն կտա ճանաչել Հայաստանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ից 11-ը Երեւանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան կժամանի Ֆրանկոֆոնիայի անդամ եւ դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների 500 ներկայացուցիչ, որոնց մի մասը ներկայացված կլինեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Նախարարական հանդիպման շրջանակներում կազմակերպված է նաեւ հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ` հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը: Հայաստան են ժամանելու Ֆրանսիայից եւ Հայիթիից երաժշտական խմբեր, որոնց կատարումները նախատեսվում են Երեւանում եւ Գյումրիում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամաերգային համալիրում, որտեղ կայանալու է նախարարական համաժողովը, նախատեսվում է Հայաստանի զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, մշակույթը ներկայացնող տաղավարների եւ հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսների կազմակերպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ