«Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» կատարված վիրահատությունից 14 օր անց «Էրեբունի» ԲԿ-ում մահացած 39-ամյա Կարինե Աղաբեկյանի գործով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին սեպտեմբերի 1-ին մահացած Կարինե Աղաբեկյանի հարազատները:
«Սպասում ենք քառասունքին, որից հետո կսկսենք զբաղվել գործով: Մինչեւ հիմա ոչինչ չգիտենք ընթացող նախաքննության մասին»,- ասացին հարազատները:
Քննչական կոմիտեից ավելի վաղ մեզ հայտնել էին, որ փորձաքննության եզրակացությունը դեռ հայտնի չէ:
Նշենք, որ փորձաքննության եզրակացությունները ստացվում են 30-օրյա ժամկետում:
Ավելի վաղ Կարինե Աղաբեկյանի հարազատները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ կնոջ մահվան մեջ մեղավոր են բժիշկները:
«40 րոպեանոց վիրահատությունը կատարեցին 7-8 ժամում, հետո էլ ասին, թե տեղափոխեք «Էրեբունի»: Տեսան, որ էլ չեն կարողանում պայքարել, տեղափոխեցին էնտեղ»,- ասել էին նրա հարազատները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: