ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չի համարում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեքութան:
«Կարծում եմ, որ կողմերը պետք է այդ հակամարտության լուծում գտնեն»,-ասել է նա:
Ամերիկացի դիվանագետը հիշեցրել է ԵԱՀՄ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խոսքերն այն մասին, որ պաշտոնական Վաշինգթոնն անհանգստացած է զորքերի շփման գծում լարվածության աճով:
Ուորլիքը եւ նրա ռուս ու ֆրանսիացի գործընկերները զբաղվում են այդ հարցով, ասել է դեսպանը:
Նրա խոսքով, եթե մարդիկ են մահանում, հակամարտությունը չի կարող «սառեցված» համարվել: «Մենք աշխատում ենք կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: Բոլոր կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն լարվածության աճը նվազեցնելու եւ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»,-ամփոփել է դեսպանը: