News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ալժիրում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե) հոկտեմբերի 11-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռամտան Լամամրային։

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիսավոր արարողությանը հետեւած առանձնազրույցի ընթացքում Ալժիրի արտգործնախարարը եւ ՀՀ դեսպանը քննարկեցին Ալժիրի եւ Հայաստանի միջեւ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման ուղիները, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ աջակցության հնարավորությունները։

Դեսպան Մելքոնյանը նախարարին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսեց հայ եւ արաբ ժողովուրդների միջեւ առկա ավանդական բարեկամական կապերի մասին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքում տիրող մտահոգիչ իրավիճակի շուրջ։

Դեսպան Մելքոնյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումներին, ներկայացրել խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, ինչպես նաեւ Բաքվի ապակառուցողական կեցվածքը եւ նրա կողմից հրադադարի ռեժիմի շարունակական կոպիտ խախտումներն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծումները։

Արմեն Մելքոնյանը նաեւ հանդիպում է ունեցել Ալժիրի մշակույթի նախարար Ազզեդին Միհուբիի հետ: Քննարկվել են երկու երկրների միջեւ մշակութային կապերի ամրապնդման հնարավորությունները: Զրուցակիցները կարեւորել են արվեստագետների խմբերի փոխայցելությունները, փոխադարձ մասնակցությունը Հայաստանում եւ Ալժիրում կազմակերպվող միջազգային փառատոններին, համաժողովներին եւ այլ նշանակալից մշակութային միջոցառումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ