News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյձի Տագուչիի հետ NEWS.am-ի թղթակցի հարցազրույցը։

Պարո՛ն դեսպան, Երեւանում Ճապոնիայի դեսպանատան բացումից հետո կարո՞ղ ենք ասել, որ հարաբերությունների մակարդակը փոխվել է։

Դեսպանատան բացումն ամենամեծ նորությունն ու իրադարձությունն էր դիվանագիտական հարաբերությունների տեսակետից։ 5 տարի առաջ՝ 2010 թվականին, բացվեց Ճապոնիայում Հայաստանի դեսպանատունը, իսկ այս տարի դեսպանատուն բացվեց արդեն այստեղ։ Դա մեծ նորություն է ե՛ւ մեզ, ե՛ւ ձեզ համար։ Ես վստահ եմ, որ հարաբերությունների մակարդակը տարբեր ոլորտներում բարձրանում է։ Մինչ այս պահը ՀՀ քաղաքացիները վիզա էին ստանում Մոսկվայում, եւ դա շատ անհարմար էր։ Բայց շուտով մենք կսկսենք վիզաներ տալ հենց Երեւանում, եւ ես հույս ունեմ, որ ավելի շատ մարդիկ կկարողանան մեկնել Ճապոնիա։

Հայաստանի տնտեսության ո՞ր ոլորտները կարող են հետաքրքրություն ներկայացնել ճապոնացի ներդրողների եւ ձեռներեցների համար։

Կա աշխատանքի մի քանի ուղղություն։ Ճապոնիայի կառավարությունը ODA ծրագրով (Official Development Assistance) հայկական կողմին դրամաշնորհների տեսքով սարքավորումներ եւ ֆինանսական օգնություն է տրամադրել։ Զարգանում է էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, ճապոնական կողմը օգնել է Երեւանում էլեկտրակայան կառուցել։ Համագործակցում ենք երկրաշարժերից պաշտպանվելու մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Ես գիտեմ, որ դա բավարար չէ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նա նույնպես հույս հայտնեց, որ տնտեսական հարաբերություններում, հատկապես առեւտրի եւ ներդրումների ոլորտում նոր փուլ կսկսվի։ Մենք պետք է զարգացնենք առեւտրա-արդյունաբերական հարաբերությունները։ Այդ ուղղությամբ, անկեղծ ասած, դժվարություններ կան։

Քանի որ Ճապոնիան Հայաստանից հեռու է, դժվար է Հայաստանից միրգ եւ բանջարեղեն արտահանել, բայց մյուս կողմից հնարավորություն կա ավելի շատ պատրաստի արտադրանք արտահանել՝ գինի, կոնյակ, պանիր, չիր։

Ճապոնիայում դեռ հայտնի է միայն կոնյակը։ Բայց Հայաստանում շատ լավ գինիներ եւ մրգեր կան, եւ այդ պատճառով իմ խնդիրն է քարոզել հայկական կողմի հնարավորությունները։

Մյուս թույլ կողմը զբոսաշրջությունն է։ Հայաստան այցելած ճապոնացիներն ասում են, որ Հայաստանը լավ երկիր է, շատ գեղեցիկ է, մարդիկ շատ բարեհամբույր են եւ իրենց դուր են գալիս։ Ես արդեն մի քանի երիտասարդ ճապոնացիների գիտեմ, որոնք, ոտքի տակ տալով ամբողջ աշխարհը, ի վերջո որոշել են մնալ Հայաստանում եւ անգամ ամուսնացել են։

Ապրանքաշրջանառության մասին տվյալներ կա՞ն:

Ճապոնիայի վիճակագրական տեղեկությունների համաձայն՝ 2013թ. Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 15 մլն դոլար։ Ճապոնիայից արտահանվում է շինանյութ, էլեկտրատեխնիկա, տեխնիկա եւ իհարկե մեքենաներ։ Հայաստանից ներկվում է ծխախոտ, քիմիական արտադրանք։ Ծավալը, ցավոք սրտի, մեծ չէ։ Միտումները դեռ պահպանվում են։ Սակայն դեսպանատան բացմամբ, կարծում եմ, ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու հնարավորությունները մեծանում են։

Կա՞ն արդյոք համատեղ ունեցվածքով ընկերություններ։

Ես նման տեղեկություն չունեմ։ Հայաստանում ճապոնական ընկերության հետ կապ ունեցող միայն մեկ ընկերություն կա՝ «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն։

Բոլորին քաջ հայտնի է, որ «պատրաստված  է Ճապոնիայում»-ն ինքնըստինքյան բարձր որակի երաշխիք է։ Ինչպե՞ս է հաջողվել հասնել դրան, եւ հնարավո՞ր է կիսել փորձը։

Ճապոնիայում որակի շատ խիստ հսկողություն է իրականացվում։ Ես մասնագետ չեմ, բայց որքանով ես գիտեմ, բարձր պահանջները պայմանավորված են այն իրավիճակով, որում հայտնվել էր Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ճապոնացի ժողովուրդը որոշեց, որ պետք է դառնա տնտեսապես ավելի զարգացած։ Իսկ ամերիկյան շուկայում սպառվելու համար անհրաժեշտ էր լավ ապրանքներ արտադրել։ Ճապոնական ընկերությունները կենտրոնացել էին արտադրանքի որակի վրա, եւ մենք ինքներս մտածեցինք ստեղծել արտադրության լավ համակարգ հատկապես ավտոշինության ոլորտում։

Ի՞նչ եք կարծում, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել հայ-ճապոնական հարաբերությունների վրա։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից անցել է 9 ամիս, այդ պատճառով դեռ վաղ է ասել, թե ինչպես դա կանդրադառնա Ճապոնիայի շահերին։

Տվյալներ կա՞ն այն մասին, թե դեսպանության բացումից ի վեր Հայաստանի քանի քաղաքացի է Ճապոնիա մեկնել:

Ես անցյալ տարվա վիճակագրական տվյալներն ունեմ: Դրանց համաձայն, անցյալ տարի շուրջ 300 հայ է մեկնել Ճապոնիա: Սա այնքան էլ մեծ թիվ չէ, իհարկե: Բայց եթե համեմատենք 2009 թվականի հետ (շուրջ 190 մարդ), առաջընթացն ակնհայտ է: Հույս ունեմ, որ ապագայում այդ թիվը կհասնի 500-ի կամ 1000-ի:

Իսկ Ճապոնիայի քանի՞ քաղաքացի է Հայաստան ժամանել:

Մենք տարբերր աղբյուրներից միմյանցից փոքր-ինչ տարբերվող տվյալներ ունենք: Մի վիճակագրություն տրամադրել է Հայաստանի ԱԳՆ-ն, որի համաձայն, 2013 թվականին Հայաստան է ժամանել շուրջ 2.200 ճապոնացի, 2014-ին՝ շուրջ 2.100-ը: Այսինքն՝ գրեթե կայուն թիվ է: Իսկ ահա Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամեն տարի ավելի քան 10.000 ճապոնացի է ժամանում Հայաստան: Կարծում եմ՝ շատ լավ թիվ է:

Հայաստանում ճապոնական համայնք կա: Մոտավորապես որքա՞ն մարդ է այստեղ բնակվում:

Հայաստանի ճապոնական համայնքը շատ փոքրաթիվ է: Կարծում եմ՝ շուրջ 15 մարդ, ներառյալ դեսպանության աշխատակիցները: Իսկ ահա Ճապոնիայի հայ համայնքն ավելի մեծ է՝ շուրջ 50 մարդ:

Հայաստանից ի՞նչ տպավորություններ ունեք:

Ես Երեւան եմ ժամանել հունիսի 1-ին: Անցած ամիսների ընթացքում հրաշալի տպավորություն եմ ստացել Հայաստանից: Առաջին բանը, որ նկատեցի եւ որն ինձ շատ դուր եկավ, մարդկանց բարյացկամությունն ու պարկեշտությունն է: Ես բազմաթիվ պատմական վայրեր եմ այցելել: Տեսել եմ, մասնավորապես, Հաղպատն ու Սանահինը: Հիմնականում երկրի հյուսիսային հատվածները: Հիացած եմ Կոմիտասի «Ծիծեռնակ» երգով, որի լիրիկական մեղեդին շատ նման է ճապոնական մոտիվներին: Ես երգն ուղարկեցի Ճապոնիայի իմ ընկերներին, եւ իմ ծանոթ արտիստուհիներից մեկին այն այնքան դուր եկավ, որ նա որոշեց նոյեմբերին Երեւան ժամանել՝ այդ երգի ներքո պար ներկայացնելու համար:

Հայկական խոհանոցը Ձեզ դուր գալի՞ս է:

Շատ է դուր գալիս: Հատկապես իշխանով ուտեստները: Նաեւ դուր է գալիս քյուֆթան: Ճապոնացիները նման մի ուտեստ ունեն՝ ձկան քյուֆթա, որը կոչվում է «Սացումաագե (さつまあげ)»: Մինչեւ Երեւան գալը չգիտեի, որ այստեղ այդքան լավ գինի կա: Հիացած եմ:

Կցանկանայի՞ք որեւէ բան հավելել:

Ինչպես 1991 թվականին Հայաստանի անկախության հռչակումից հետո, այնպես էլ մինչ այդ, Ճապոնիան եւ Հայաստանը լավ հարաբերություններ են ունեցել: Դրա վկայությունն է ճապոնական կողմի օգնությունը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո տուժածների որոնման գործում: Ճապոնիայի կառավարությունը երեք անգամ փրկարարների խումբ է ուղարկել Հայաստան, տեխնիկա եւ բուժօգնություն տրամադրել: Հունիսին ես եղա Գյումրիում: Քաղաքապետն ասաց, որ Գյումրիի բազմաթիվ բնակիչներ մինչեւ հիմա հիշում են Ճապոնիայի կառավարության ցուցաբերած օգնությունը:

2011 թվականին Ճապոնիայում ուժեղ երկրաշարժ եւ ցունամի տեղի ունեցավ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց ողբերգության զոհերի հիշատակին մատուցված եկեղեցական արարողությանը, իսկ 2012 թվականին Ճապոնիա կատարած պաշտոնական այցի ժամանակ նա եղավ Սենդայ քաղաքում եւ հանդիպեց տեղի բնակիչներին: Ճապոնացի ժողովուրդը հիշում եւ գնահատում է այդ ժեստն ու շնորհակալ է:

Երբ ես եղա Սպիտակում, խաչքար տեսա՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Իսկ կողքին 2011 թվականի ճապոնական ողբերգության հիշատակին նվիրված խաչքար կար: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել այդ առիթով:

Զրուցեց՝ Մարիամ Լեւինան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշել է Հայաստանի...
Ամենաշատ