News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Աշխարհի 10 000 համալսարանների վարկանիշային աղյուսակում Երեւանի պետական համալսարանը գրավում է 4826-րդ տեղը։ Բաքվի համալսարանը մեզնից առաջ է մոտ 200 հորիզոնականով. նա գրավել է 4640-րդ տեղը: Թեհրանի համալսարանն ավելի առաջ է (617-րդ տեղ)։

Ստամբուլի տեխնիկական համալսարանը գրավում է 30-րդ տեղը՝ սա տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշն է։ Այս տվյալները սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց Կրթության եւ գիտության նախարարության Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի հիմնադիր եւ UNESCO-ի ամբիոնի վարիչ Սիներիկ Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունները վարկանիշային գնահատականները սահմանելիս հաշվի են առնում հետեւյալ չափանիշները՝ բարձր վարկանիշ ունեցող գիտական  ամսագրերում տվյալ բուհի տպագրաքանակը, դասախոսական կազմի ներկայացվածությունը միջազգային ասպարեզներում եւ այլն։

«Մեր երկրի վիճակը շատ վատ է, նույնիսկ կաթվածահար վիճակում ենք»,- ասաց Հայրապետյանը՝ որպես պատճառներ նշելով օրենսդրական դաշտի բացակայությունը կամ «հետամնաց» օրենքների առկայությունը, որոնք քայքայում են առկա կրթական համակարգը։  

Ասուլիսին մասնակցող Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի  նախագահ Արտակ Դավթյանը այն կարծիքին է, որ  աշխարհի 10000 համալսարանների մեջ 4826-րդ տեղը գրավելը միջին ցուցանիշ է, որը բավականին մոտ է Բաքվի եւ Թբիլիսիի ցուցանիշներին։

Դավթյանը մեր բուհական համակարգի հետ մնալը պատճառաբանում է ռեսուրսների սղությամբ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում միջին դիրքեր զբաղեցնող Նեւադայի համալսարանին հատկացվող բյուջեն կրկնակի է, քան հայաստանյան բոլոր համալսարանները միասին վերցրած:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ