News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի կայքի գլխավոր էջում տեղադրված է քաղաքագլխի ուղերձը երեւանցիներին: Այդ բանաստեղծական ուղերձն ավարտվում է վստահությամբ, որ «ամենօրյա հոգատարության, բարեխիղճ աշխատանքի եւ լիարժեք նվիրումի արդյունքում մենք ստեղծում են այն Երեւանը, որի մասին միշտ երազել ենք»: Իհարկե, կարելի էր հստակեցնել, թե կոնկրետ «ով» եւ «ինչի» մասին է երազել՝ ստեղծելով այն, ինչին երեւանցիները բախվում են ամեն Աստծո օր:

Հանուն արդարության նշենք, որ որոշակի ձեռքբերումներ կան: Ասենք՝ ամենուր վերածննդի ոճով նստարաններ են տեղադրվել: Նպատակը հասկանալի է: Քաղաքացիները տուն վերադառնալիս կարող են մի քանի րոպե նստել եւ հանգստանալ, միաժամանակ, հիանալ մայթեզրերի նոր սալիկներով՝ հասարակական տրանսպորտով անհարմար ուղեւորության մասին հիշողությունները թոթափելու համար:

Այդ անհարմարության արմատները հայտնի են: Ժամանակին սոցիալական կարեւորագույն ոլորտներից մեկը տվեցին ագահ մարդկանց: Այսինքն՝ միասնական համակարգ ստեղծելու փոխարեն մայրաքաղաքի տրանսպորտային տնտեսությունը մասնատեցին, ինչպես պետությունը՝ ֆեոդալիզմի ժամանակներում:

Քաղաքապետարանի կայքը չի նշում այդ ոլորտի «ընկերությունների» թիվը: Սակայն նախկինում տեղեկություն կար, որ ավտոբուսների եւ միկրոավտոբուսների երթուղիները սպասարկում են 66 կազմակերպություններ: Հնարավոր է՝ այդ ժամանակներից տրանսպորտային ձեռնարկությունների թիվը կրճատվել է: Սակայն դրանց թիվը, թերեւս, դեռ մի քանի տասնյակ է: Այնպես որ հնարավորություն կա այս փաստը մտցնել Գինեսի ռեկորդների գրքում, որպես տրանսպորտային կազմակերպությունների ռեկորդային քանակություն միլիոնանոց քաղաքի համար:

Բացասական այլ հետեւանքների թվում այս մասնատումն օբյեկտիվորեն խոչընդոտում է այնպիսի կարեւոր ծառայության վերականգնումը, ինչպիսին տրանսպորտի տոմսն է: Ժամանակին՝ մինչեւ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ցանցի վերացումը, այդպիսի տոմս կար: Իսկ հիմա չկա եւ չի լինի: Եվ իսկապես, ինչպե՞ս այդ տոմսերի վաճառքից ստացվող գումարը բաժանել տասնյակ ընկերությունների միջեւ: Եվ ինչպե՞ս բացատրել վարորդներին, որ «շեֆին» տրվող ամենօրյա հարկերը պահպանվելու են, իսկ ահա իր՝ վարորդի անձնական եկամուտն անխուսափելիորեն կրճատվելու է:

Իհարկե, ներկա քաղաքապետը չի ստեղծել այդ համակարգը: Պարզապես նա շարունակում է իր նախորդների քաղաքականությունը: Այնպես որ՝ տեղին է մեջբերել գերմանական հայտնի տրագիկոմեդիայի անվանումը. Goodbye, Երեւանի հասարակական տրանսպորտի տոմս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ