Մենք ցավ ենք ապրում որ նման իրավիճակի առաջ ենք կանգնել։ Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռմբակոծիչի հետ կապված հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով խոցված ռուսական ռմբակոծիչի մասին, ասել է հետեւյալը. «Չնայած զգուշացումներին, անհայտ երկրի օդանավը խախտում էր մեր սահմանը։ Այդ անհայտ երկրի օդանավը 10 անգամ զգուշացվել է, որից հետո միջամտություն է եղել։
Մենք ցավ ենք ապրում, որ նման իրավիճակի առաջ ենք կանգնել։ Թուրքիան որեւէ երկրի նկատմամբ թշնամություն չունի։ Թուրքիայի սառնասիրտ պահվածքի շնորհիվ է, որ Սիրիայում ավելի սարսափելի բաներ տեղի չեն ունենում։ Կուզեմ, որ բոլորը իմանան, որ վերջին դեպքի կանխման համար ամեն ինչ արել էինք։ Բոլորը պետք է հարգեն իր սահմանները պաշտպանելու Թուրքիայի իրավունքը»,-ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաեւ պնդել է, թե Բայըրբուջաքում «Իսլամական պետության» ահաբեկիչներ չկան։ «Թող ոչ-ոք ոչ մեկին չխաբի այս հարցում»,-նշել է Էրդողանը՝ ասելով, թե քննադատում է Սիրիայի թուրքմենների դեմ Ասադի զորամիավորումների հարձակումները։
Նշենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական ուժերը խոցել են Սիրիայում թուրքական կողմի աջակցությունը վայելող ահաբեկիչներին հարվածող ռուսական «Սու-24» ռմբակոծիչը։