News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայ թատրոնի եւ կինոյի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանի մայրը գիտեր, որ իր աղջիկը մեծ դերասանուհի է դառնալու: NEWS.am-ի հետ զրույցում դերասան Արթուր Հակոբյանը պատմեց, որ տարիներ առաջ, երբ Վարդուհի Վարդերեսյանը նոր-նոր է թատերական ոլորտում առաջին քայլերն արել, Մհեր Մկրտչյանը նրան է սիրահարված եղել եւ փորձել է ռոմանտիկ քայլերով գրավել նրա սիրտը, սակայն Վարդուհու մայրը նրան ասել է, որ հեռու մնա Վարդուհուց, քանի որ դուստրը պետք է մեծ դերասանուհի դառնա:

«Մհեր Մկրտչյանը սիրահարված է եղել նրան, Մհերն ըկերոջ հետ Գյումրիում գնացել են Վարդուհու պատուհանների տակ երգել են եւ տիկին Վարդուհու մայրը դուրս գալով ասել է՝ կորսվեցեք, իմ Վարդուկս մեծ դերասանուհի է դառնալու: Մհերն էլ էդ ժամանակ Կարպիչին ասել է, այ մարդ, չբռնե՞մ մեծ դերասան դառնամ, խայտառակ լինեն»,- պամեց Արթուր Հակոբյանը:

Դերասանը նշեց, որ Վարդուհի Վարդերեսյանը  «որպես մարդ տեսակ շշմելու էր, իսկ որպես դերասանուհի` ֆանտաստիկ»:

«Անտերության մատնված թատերական սերունդ դարձանք նման դերասանուհի կորցնելով, պանթեոնները հարստանում են, մենք որբանում ենք:  Մեր ժամանակներում Վարդուհին գնահատված չէր, խոնարհումն արդեն չկար, ծափերը կային, արժեվորելը չկար: Իզուր չէ, որ մի օր զանգեցի, ասացի` տիկին Վարդուհի, գալիս եմ ձեզ տեսնելու, ասաց տղաս, հազվադեպ բան է, մեկ-մեկ դու ես ինձ հիշում, այլեւս ինձ ոչ ոք չի հիշում, երեւի նկատի ուներ, որ էն վերեւներից ուշադիր չեն»,-ասաց Արթուր Հակոբյանը:

Վարդուհի Վարդերեսյանի ընկերներից աշուղ Ռազմավար Սասունցին էլ պատմեց, որ դերասանուհին մինչեւ վերջ չի կորցրել կենսուրախությունն ու հումորի զգացումը։

«Բոլորովին վերջերս ԵԿՄ գրասենյակ էին հրավիրել, գեներալ Մանվել Գրիգորյանը իրեն պետք է հանձներ Վազգեն Սարգսյան հուշամեդալը,  երբ հանձնում էին, այդ պահին Վարդուհին իր անփոփոխ տոնայնությամբ  ասաց՝ կարողա՞ որոշել եք, որ Վազգենն ինձ կանչել է, մեդալը տալիս եք, որ գնամ, իրեն ասեմ, որ իր մեդալն եմ ստացել:  Մեդալը ստանալուց հետո ուրախ ասում էր` այս ինչ լավ օր է, 10 տարի է ինձ հետ նման բան չէր կատարվել»,- պատմեց դերասանուհու մտերիմ ընկերը:

Նշենք, որ սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը մահացել է  նոյեմբերի 24-ին` 87 տարեկան հասակում: Դերասանուհին երկար ժամանակ վատառողջ էր:

Վարդուհի Վարդերեսյանին վերջին հրաժեշտ կտան վաղը` նոյեմբերի 27-ին` 12:00-14:00-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Դերասանուհու աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ