News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ին Երեւանի Իսահակյան 16ա հասցեում գտնվող Հայ գիրք գրախանութում տեղի կունենա Սուրեն Սարումյանի «Աբու Բաքր Ալ-Բաղդադին՝ Շամի խալիֆը» գրքի շնորհանդեսը: Սարումյանի վեպում միահյուսված են իրականն ու երեւակայականը, այն արդի ռազմաքաղաքական հիմնախնդիրների գեղարվեստական արտացոլման յուրահատուկ օրինակ է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գրքի հեղինակը պատմում է վեպի ստեղծման նախապատմության եւ «Իսլամական պետության»՝ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգների մասին:

Պարոն Սարումյան, խնդրում եմ առավել մանրամասն ներկայացնել գիրքը: Ինչո՞ւ որոշեցիք հենց այս թեմայով գիրք գրել:

Այսօր միջազգային ահաբեկչության  սպառնալիքը մարդկության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներից մեկն է, որից, ինչպես մենք ականատես ենք լինում, ապահովագրված չէ ոչ մի պետություն, այդ թվում նաեւ Հայաստանն ու Արցախը։ Հիշեցնեմ, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին օտարերկրացի վարձկաններ եւ միջազգային ահաբեկչական խմբավորումներ էին պատերազմում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից։ Հաշվի առնելով այն փաստը, որ այսօր «Իսլամական պետության» շարքերում մարտնչում են նաեւ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք ձեռք են բերում մարտական ունակություններ, հեղինակի երեւակայությունը հնարավորություն տվեց գրքում կապ ստեղծելու Ադրբեջանի եւ «Իսլամական պետության» միջեւ եւ ներկայացնելու այն վտանգները, որոնք կարող են սպառնալիք դառնալ երկու հայկական պետությունների համար։

Չնայած, որ գիրքը գեղարվեստական է, «Իսլամական պետության» մասին տեղեկատվությունը լիովին համապատասխանում է այսօրվա իրականությանը եւ թույլ է տալիս ընթերցողին պատկերացում կազմել տեղի իրողությունների մասին։

Թեեւ նշեցիք, որ գիրքը գեղարվեստական է, ի՞նչ աղբյուրներից եք օգտվել այն գրելու ընթացքում:

«Իսլամական պետություն» կազմակերպության գործողությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա իրողությունների մասին իրական պատկերացում կազմելու նպատակով օգտվել եմ ակադեմիական գրականությունից, լրատվամիջոցների կողմից տրամադրվող տեղեկատվությունից, ծանոթացել եմ մասնագետների կարծիքներին։ Բացի դրանից, «Իսլամական պետության» շարժառիթները հասկանալու համար ուսումնասիրել եմ կազմակերպության քարոզչական նյութերը։

Ձեր կարծիքով «Իսլամական պետությունը» վտանգ ներկայացնո՞ւմ է Հայաստանի համար:

Ճիշտ է, այս պահին ԻՊ-ն ուղիղ սպառնալիք չէ, սակայն սպառնալիք է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի, հետեւաբար նաեւ Հայաստանի ու Արցախի համար: Չմոռանանք, որ ԻՊ-ի խնդիրներից մեկը իրենց գերիշխանությունը ամբողջ աշխարհի վրա տարածելն է: Ինչպես արդեն նշեցի, Ադրբեջանը օգտագործել է միջազգային ահաբեկչական խմբավորումներին Արցախի դեմ պատերազմում։  Ավելին, պատերազմից հետո այս համագործակցությունը չդադարեց. Ադրբեջանը դարձավ տարանցիկ երկիր՝ այդ թվում Հյուսիսային Կովկասում զինյալներին զենք, ինչպես նաեւ նյութական օգնություն մատակարարելու համար, ինչպես նաեւ ահաբեկիչների ու ահաբեկչական գործողությունների փոխաբեռնման կետ։ Չի բացառվում, որ նոր պատերազմի ընթացքում Ադրբեջանը կդիմի նույն քայլերին, պատերազմում առաջընթաց հասնելու համար։ Գրքի սյուժեում կա հատված, որտեղ «Իսլամական պետությունը» համագործակցում է Ադրբեջանի հետ եւ գործողություններ է կատարում Լեռնային Ղարաբաղի դեմ: Իհարկե, սա գեղարվեստական գրքի առանձնահատկություններից է, սակայն հնարավոր զարգացումներից մեկը, ինչին մենք պետք է պատրաստ լինենք։

Նշենք, որ գրքի սյուժեի համաձայն՝ Մերձավոր Արեւելքում ծնունդ է առնում մի շարժում, որը գլուխ է կանգնած յուրօրինակ նոր Աթիլան՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին, որն իրեն Շամի խալիֆ է հռչակել։ Աշխարհի ուժային կենտրոնները միջոցներ են ձեռնարկում արհավիրքի առաջն առնելու։ «Իսլամական պետության» առաջխաղացումը վտանգավոր է նաեւ մեր տարածաշրջանի եւ մեր երկրի համար։ Գրոհայինների շոշափուկները հասնում են մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սահմանագոտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ